Տիգրան Ավինյանն այսօր կառավարության նիստին խոսելով տրանսպորտային խնդիրներից, հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին իրենք «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում արձանագրել էին, որ «Գազելները» Երևան քաղաքում պետք է փոխարինվեն։
«Էս պրոցեսը որոշ չափով սկսել էր տեղի ունենալ, ցավոք սրտի՝ սկսել էր տեղի ունենալ միայն բուն Գազելները ավտոբուսներով փոխարինելուց։ Եւ եթե այսօր մենք շրջենք Երևան քաղաքով և երևանցիներին հարցնենք՝ ինչպես ա տրանսպորտային իրավիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է»,-ասաց Ավինյանը և սկսեց բացատրել, թե ինչու է այդպես։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, հին «Գազելները», իհարկե, շատ վատն էին, բայց քանակապես ավելի շատ էին, մինչդեռ այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար։ Իսկ երբ իրենց ներկրած նոր 237 ավտոբուսները մտնեն ցանց, էականորեն խնդիրը կլուծվի, բացի այդ՝ իրենք ունեն նաև Higer մակնիշի չինական ավտոբուսներ, որոնք այսօր վերանորոգվում են, և դրանք նույնպես մտնելու են ցանց։ Բայց դա դեռ համակարգային լուծում չի ենթադրում։
Եթե այսօր մենք երևանցիներին հարցնենք՝ ինչպես է տրանսպորտային իրավիճակը, բոլորը կասեն, որ վատթարացել է․ Ավինյան
13:32, 16 մարտ 2023