Երեկ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը՝ դատախազության բողոքը քննելուց հետո, 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։
Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը ավելի վաղ մերժել էր դատախազության ներկայացրած միջնորդությունը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Hayastan.news-ը տեղեկացավ, որ որ Վերաքննիչ դատարանում Գ․ Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը բավարարել է դատավոր Մեսրոպ Մակյանը, ով նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։
Երեկվանից սոցցանցերում քննադատում են Մակյանին՝ նրան մեղադրելով իշխանահաճո որոշումներ կայացնելու մեջ։
Hayastan.news-ը, կապ հաստատեց Մակյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը հատկապես «իշխանություններին հաճոյանալու» մասով։
«Ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում տալ, որոշումը հասանելի է կողմերին, կարող եք կողմերից ճշտել, մնացած հարցերը՝ մամուլի ծառայության հետ»,-ասաց Մակյանը։
Դիտարկմանը, թե հասկանալի է, որ դատավորն իր որոշումը մեկնաբանելու իրավունք չունի, բայց հետաքրքիր է իր արձագանքը իշխանություններին հաճոյանալու կարծիքի վերաբերյալ, արդյո՞ք դա այդպես չէ, Մակյանը խուսափեց պատասխանել․ «Նիստի եմ իջնում, շնորհակալություն»։
Նշենք, որ Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար։