Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ Դատապարտյալների ապահով և անվտանգ տեղափոխման համար 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մեքենա են ձեռք բերել։
«Նախկին, ահավոր վիճակում գտնվող «Ուազիկները» վերացրել ենք, փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով»,-հայտարարեց Մինասյանը՝ ներկայացնելով, թե ինչ բարեփոխումներ են իրականացվել արդարադատության ոլորտում, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը:
Օրինակ՝ դատապարտյալները հնարավորություն են ստացել պետական բյուջեի հաշվին միջնակարգ կրթություն ստանալ, ընդ որում՝ 19 տարեկանից հետո։ «Դատաիրավական բարեփոխումների շրջանակում ընդունվել է 2022-26թթ. ոլորտային նոր ռազմավարությունը՝ լրիվ նոր մեթոդաբանությամբ, նոր KPI-ներով: Ավարտվել են հակակոռուպցիոն դատարանների ձևավորման աշխատանքները, ստեղծվել է նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում ձևավորվել են երկու առանձին քաղաքացիական և վարչական պալատներ: Ստեղծվել է նաև նոր՝ հակակոռուպցիոն պալատը»,-ասաց նախարարը։
Բացի այդ, ըստ Մինասյանի, բարձրացվել են Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը: