Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է կապերի ընդլայնումն ու ընդգծել Երևանի պատրաստակամությունը փոխգործակցության հաստատման ու զարգացման ծրագրերում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովն իր հերթին վստահություն է հայտնել, որ Երևան այցի շրջանակում կձևավորվի փոխշահավետ գործակցության լայն դաշտ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորության շուրջ:
Երևանի քաղաքապետն ու Եկատերինբուրգի քաղաքապետը ստորագրել են Եկատերինբուրգի վարչակազմի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր, որը հնարավորություն կտա գործակցել և զարգացնել երկկողմ կապերը տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության, երիտասարդական նախագծերի, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Նշենք, որ երեկվանից դարձյալ տեղեկություններ են տարածվել Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին։


