ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը։ Որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Միջազգային իրավական հարցերով ներկայացուցից Եղիշե Կիրակոսյանը, որին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Հաագայի դատարանում Լաչինի միջանցքի հարցով տարած հաղթանակի համար։ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ օրենքում փոփոխությունները վերաբերում են մի շարք հարցերի, որոնք աշխատանքների կատարման և փորձի ընթացքում ի հայտ են եկել և առաջացել է որոշակի անհրաժեշտություն՝ կատարել մի շարք շտկումներ և փոփոխություններ օրենքում։
«Երեք տեսակի փոփոխության մասին է խոսքը, առաջինը վերաբերում է ներկայացուցչի լիազորություններին, մասնավորապես՝ Եվրոպական դատարանում միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ ներկայացնելու մասին և Արդարադատության միջազգային դատարանում նմանատիպ պահանջներ ներկայացնելու իրավասության վերաբերյալ»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է հիմնական միջպետական հայցը ներկայացնել կառավարության որոշման հիման վրա, ինչպես դա արվում է, իսկ միջանկյալ կամ ժամանակվոր միջոց պահանջ ներկայացնելու լիազորությունը տալ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին։ «Տրամաբանությունը, կարծում եմ, հասկանալի և պարզ է, որովհետև փորձից էլ կարելի է ենթադրել, որ նմանատիպ պահանջները բխում են շատ հրատապ վիճակներից։ Եւ այդ հրատապությունը, հատկապես միջազգային հարաբերություններում ու միջազգային դատարանների հետ շփման ժամանակ շատ կարևոր է, որ պահը բաց չթողնենք։ Եվ այդ տրամաբանությամբ է առաջարկվում փոփոխությունը, այլապես կառավարության որոշման ընդունումը կարող է որոշակի ժամանակատար պրոցես լինել»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։