Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցից Եղիշե Կիրակոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նրան, թե ինչու Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի (Հաագայի դատարան) որոշումը, այն է՝ բացել Լաչինի միջանցքը։
«Պարզ է՝ ինչու չի կատարում, որովհետև Ադրբեջանի վարքագիծը իր ամբողջ տրամաբանությամբ և էությամբ հակասում է միջազգային իրավունքին։ Եւ, ցավոք սրտի, նաև ոչ միայն չկատարելն է խնդիր, այլ նաև աղավաղելը որոշման բովանդակությունը Ադրբեջանի կողմից, որի դեմ, վստահաբար, պետք է ՀՀ բոլոր պետական լիազոր մարմիններն իրականացնեն համապատասխան հակընդդեմ պայքար և ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը։ Իսկ հետևող պրոցեսները, գիտեք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրրդն է հարթակը, որը նմանատիպ հարցերը քննարկելու լավագույն տեղն, և այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատանքները տանել, որ հարցը մտնի միգուցե Անվտանգության խորհրդի օրակարգ, բացի դրանից երկկողմ մակարդակում տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատել՝ հարցը անընդհատ բաց պահելու և Ադրբեջանի կողմից որոշման աղավաղման փորձերը կանխելու համար»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Հարցին՝ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արվո՞ւմ են, Կիրակոսյանն ասաց, որ հարցը այս պահին գտնվում է ԱԳՆ տիրույթում, և ԱԳՆ-ի իր գործընկերները, իր իմանալով, աշխատում են այս ուղղությամբ։