Սեպտեմբերի 20-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ալիևն ասել է, որ «Ղարաբաղում հայկական զինված ուժերի կազմավորումները երեկ ահաբեկչություններ են իրականացրել, որոնց հետևանքով ոստիկաններ և քաղաքացիական անձինք են զոհվել, ինչին ի պատասխան Ադրբեջանը ստիպված է եղել տեղական հակաահաբեկչական միջոցներ ձեռնարկել։ Անդրադառնալով հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման վերաբերյալ այսօր ձեռք բերված պայմանավորվածությանը՝ նա նշել է, որ հայկական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից, զենքերը վայր դնելը և նրանց զինաթափումը, Եվլախում կայանալիք հանդիպումը դրական քայլ են։ Եվլախյան հանդիպմանը կքննարկվեն Ղարաբաղի հայերի իրավունքներին առնչվող հարցեր, ինչպես նաև նրանց պարտականությունները՝ հիմնված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների վրա, ներառյալ նրանց մշակութային, կրոնական, քաղաքային և այլ իրավունքները»։
Ըստ նրա՝ ձեռք բերված արդյունքները դրական ազդեցություն կունենան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջընթացի վրա։
Շառլ Միշելը հակաահաբեկչական միջոցառումների դադարեցումը դրական փաստ է համարել և հույս է հայտնել, որ հրադադարը կապահովվի։ Նա նաև դրական է գնահատել Եվլախում կայանալիք հանդիպումը.