Քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկն այսօր այն է, թե համաձայնագրի ստորագրումից հետո խաղաղություն լինելու է, արդյոք, թե ոչ։ Փաշինյանական իշխանությունը Հայաստանի անվտանգության հարցը «խաղաղություն է» վերնագրել, այդ ձևակերպմամբ օրակարգ բերել ու որպես իր քաղաքականության բոլոր, այդ թվում՝ խաղաղության հետ կապ չունեցող ուղղությունների կարգախոս հռչակել, քանի որ որևէ այլ կարգախոս ունենալ չի կարող։
Փաշինյանն ընտրություններին այլևս չի կարող մասնակցել քննադատելով նախկինների կոռուպցիան, քանի որ չի կարողացել այն ապացուցել խոստացած ծավալով, իսկ ինչ էլ ապացուցել է, շատ քիչ է տարբերվում յուրայինների կոռուպցիայից։ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող պնդել, որ նախկին իշխանությունները կտրված էին հասարակությունից ու մարդկանց վերաբերում էին որպես «մատերիալ», քանի որ չի կարողանում զսպել նույնիսկ կնոջն ու թույլ չտալ, որ նա իր հետ անհամաձայն մարդկանց ոջիլ անվանի, չի կարող խոսել քաղաքական հետապնդումներից, քանի որ Հայաստանում բոլորը գիտեն քաղաքական բանտարկյալներին ու իրենց աչքով են տեսել, թե ինչպես են նրանք բանտարկվել հենց Փաշինյանի ֆեյսբուքյան հրահանգներով։ Միակ բանը, որ Փաշինյանը կարողանում է հրամցնել հասարակությանը, խաղաղության սպասումն է, իսկ թե ինչո՞ւ է նա կարողանում դա անել, այլ, ընդ որում՝ հասարակության մասին բավականին տհաճ խոսակցության թեմա է։
Բայց, խաղաղության օրակարգն իրականում անբովանդակ ու անմիտ բան է և ծառայում է Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական՝ իշխանության մնալու նպատակին։ Ասեմ, թե ինչու։
Խաղաղությունը, որի մասին խոսում է իշխանությունը, Ադրբեջանի չհարձակվելն է Հայաստանի վրա։ Թուրք-ադրբեջանական տանդեմի լկտիություններին ի պատասխան դրսևորվող անգործությունը, առավելապաշտական ու ստորացնող հայտարարությունների ժամանակ լռությունը նույնիսկ գործող իշխանությունները բացատրում են իրենց խաղաղասիրությամբ, նրանով, որ եթե պատասխանեն, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Իշխանություններին հաջողվել է Հայաստանի անվտանգության, Հայաստանի սահմանին խաղաղության հարցը կենտրոնացնել հենց նրա վրա՝ Ադրբեջանը վաղը կհարձակվի մեզ վրա, թե ոչ և հիմնավորել, որ իրենց քայլերն ամեն դեպքում այդ հարձակումը կանխելու համար են։
Իսկ իրականում կհարձակվի՞ Ադրբեջանը Հայաստանի վրա, միայն ու միայն ենթադրություն է, քանի որ դեռ ոչ մի համաձայնագիր ու բարեկամական խոստում չի կաշկանդել որևէ ագրեսորի՝ իրագործել իր զավթողական պլանները։ Ի՞նչն է խանգարում խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ Թրամփին բացեիբաց տարածքային ու ինքնիշխանությունից հրաժարվելու պահանջներ ներկայացնել Կանադային, կամ քավորություն անել Գազայում իսրայելական մանկասպանությանը, եթե կան հստակ շահեր։ Բնականաբար ոչինչ, այդ թվում՝ համաձայնագրերն ու միջազգային պայմանագրերը։ Ի՞նչ են տվել մեզ բազմաթիվ միջազգային համաձայնագրերը՝ բարձր աշխատավարձեր վայելող պաշտոնյաների անբարոյական կոչերից բացի։ Ոչինչ չեն տվել և չեն տալու, քանի որ աշխարհում շարունակում է որոշիչ լինել ուժը, որը կռանալ ու կուրանալ է տալիս ցանկացած միջազգային կառույցի, երբ ագրեսորն այդ կառույցի ֆինանսավորողն է։ Համաձայնագրերը ոչինչ չեն երաշխավորելու, քանի որ ցանկացած տեղ, ցանկացած պետության սահմանին խաղաղությունը ոչ թե ստորագրված հերթական կեղծ միջազգային փաստաթղթից է կախված, այլ նրանից՝ այդ պետությունն իրենից որևէ բան ներկայացնում է, թե որբի գլուխ է։
Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանին պետք է հարձակվել Հայաստանի վրա, կամ որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանը կամ դրա մի մասը ստանալ հարձակմամբ ու մեկ օրում։ Չէ որ Ադրբեջանը վաղուց հասկացել է, որ տարածքները պատերազով վերահսկողության տակ պահելով հարցերը չեն լուծվում, և արդբեջանական ու թուրքական դիվանագիտությունը, իրականում հեռահար քայլերով է գնում իր տարածքային հավակնությունների հետևից։
Հասկանո՞ւմ եք, Թրամփի միջանցքը, ճանապարհը, արահետը կամ ուղին, ինչպես էլ այն անվանենք, մեկ օրվա համար չէ, այն տասնամյակների համար նախատեսված՝ թուրքալեզու երկրներին անխափան իրար կապող ճանապարհ է, որը ենթադրում է զգալի ազդեցություն տարածաշրջանում, ժամանակի ընթացքում ներդրվող ռեսուրսներ, տնտեսական ու այլ լծակներ, ճանապարհի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն, մի գեղեցիկ օր հրահրված բախում, այդպիսիք բացառելու համար անվտանգության ուժեր ու աստիճանաբար ռազմականացվող միավորներ և այլն։ Ինչ կլինի այդ ճանապարհին ու դրա շուրջը որոշ ժամանակ անց, բավականին պարզ է։
Հետևաբար, խաղաղության հարցը ոչ թե Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման, այլ տասնամյակների ընթացքում Հայաստանի տարածքը թուրքական ազդեցությանը ենթարկելու, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները ամրապնդելու և ի վերջո առանց հարձակման ու պատերազմի Հայաստանն իրենցով անելու ծրագրի հարցն է։ Իսկ խաղաղությունը միայն պատերազմի հետ ասոցացնելու և իրեն խաղաղության աղավնի ներկայացնելու փաշինյանական փորձերն ընդամենը նրա «նապաստակային դիվանագիտության» արդարացումն են, դիվանագիտություն, որը կարելի է կոչել «մի խփեք, ինչ ուզեք կտամ»։
Ի՞նչ ենք ստացել մենք ստորագրված փաստաթղթից և այդ համատեքստում՝ ի՞նչ ենք մենք ներկայացնում մեզնից։ Մենք դրանից ոչինչ չենք ստացել և մենք այդ բանակցություններում մեզնից ոչինչ չենք ներկայացնում։ Իր բոլոր ուղերձներում ու ելույթներում Փաշինյանը, հասնելով հարցի այս մասին, սկսում է գերազանցել Անահիտ Մանասյանին ու ոչ մի հոդաբաշխ խոսք չասել՝ «գաղափարաբանություն», «հարատևություն» և նման այլ բառերի միջոցով շշմեցնել իր մոլի երկրպագուներին։ Բայց Փաշինյանն առանձին մտքեր, իհարկե, ասել է։ Նա ասել է, որ մենք էլ մեր հերթին կկարողանանք Ադրբեջանով գնալ ուր ուզենք, բայց հաջորդ ելույթում չի մոռացել հիշեցնել, որ Ադրբեջանը մեզ համար այնքան էլ անվտանգ երկիր չէ։
Ի՞նչ է բանակցություններում իրենից ներկայացնում Հայաստանի վարչապետը, եթե նա պաշտոնապես հայտարարում է, որ Արցախ հայերի վերադարձն անվտանգ չի համարում և իր այդ միտքը կիսել է նաև Ալիևը։ Հասկանու՞մ եք, իրենց ծննդավար հայերի վերադարձի համար կռիվ տալու պատասխանատվություն ունեցողը Ալիևին տեղեկացրել է, որ Արցախը հայերի բնակության համար անվտանգ չէ ու Ալիևը հաստատել է դա։ Ի՞նչ կաներ և ի՞նչ է անում Ալիևը նույն իրավիճակում։ Նա թքած ունի, թե ինչն է Հայաստանում վտանգավոր ադրբեջանցու համար և Հայաստանի անունից բանակցողից պահանջում ու ստանում է ադրբեջանցու ճանապարհ, այն էլ անվտանգ ճանապարհ՝ սպառնալով, որ եթե այդ ճանապարհը անվտանգ չլինի, ինքն անձամբ այն անվտանգ կդարձնի։
Մեզ չնեղացնելու դիմաց պահանջած ճանապարհը տալիս Հայաստանը չի ստացել նույնիսկ Ադրբեջանում պահվող գերիներին, իսկ բանակցություններին մասնակցող պաշտոնյաները ձեռքբերում են համարում, որ այդ հարցը կարողացել են նույնիսկ բարձրացնել։ Ի՞նչ խաղաղություն կարող ենք ունենալ, եթե գործող իշխանությունների վարածը ոչ թե դիվանագիտություն է այլ վախկոտի պահմտոցի, եթե մենք ճանապարհ, ենք տվել ի վիճակի չլինելով գոնե հասնել նրան, որ դրա դիմաց ադրբեջանական զորքերն ազատեն վերջերս գրաված մեր տարածքները։ Ի՞նչ խաղաղություն, եթե Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքը հետ չքաշելու մեղադրանքին Փաշինյանը պատասխանում է Ալիևին հարիր խոսքերով՝ «չպետք է մոռանանք, որ մենք ևս մեր վերահսկողության ներքո ադրբեջանական տարածքներ ունենք»։
Հետևաբար, խաղաղության խոստումը, ոչ թե իրական խաղաղության, այլ ժամանակի ընթացքում Հայաստանի վրա խորը կործանարար ազդեցությունների մասին է, որոնք Նիկոլ Փաշինյանը չի տեսնելու, բայց մանրամասն գիտի․․․