Մեզ երբեք այդքան էլ չի հետաքրքրել, թե Թուրքիայի ու Ադրբեջանի երազած միջանցքը հենց այդպես՝ «միջանցք» կկոչվի, թե ոչ, կամ ում անունով կկոչվի, թեև արդար կլիներ, որ այն հենց Նիկոլ Փաշինյանի անունով կոչվեր։ Չէ՞ որ նա է Հայաստանը մասնատելու երկարամյա թուրքական նախագծի իրագործման ամենամեծ ջատագովը, այն միակն, ով անձամբ իրացրել է նախագիծը։
Էականն այն է, որ միջանցք իրականում լինելու էր և արդեն կա, իսկ դրա հերքումները նույնն էին, ինչ Նիկոլ Փաշինյանի բոլոր հերքումները ապազգային իր պլանների մասին։
Օրինակներն, իհարկե, աշխարհաքաղաքական առումով համեմատելի չեն, բայց այնպես, ինչպես Փաշինյանը հերքում է իր թիմի ապօրինություններն ու անձամբ դրանք հանձնարարում, նույն կերպ հերքեց միջանցքն ու անձամբ իրագործեց երիտթուրքական «միջանցքային ծրագիրը»՝ այն քողարկելով «խաղաղության ուղու» կամ նման այլ եզրույթների տակ։
Իրականում` ի՞նչ կարևոր է, թե Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական՝ միայն Ադրբեջանին գործնականում ծառայելու համար նախատեսված, նույն Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնված Արցախը Նախիջևանին կապելու համար նախատեսված ճանապարհի անունն ի՞նչ է: Չէ որ այն ծառայելու է որպես ադրբեջանական ճանապարհ ՀՀ տարածքով, չէ որ բոլոր փաստաթղթերում խոսվում է միայն այդ ճանապարհի անխոչընդոտության մասին՝ ուղղակիորեն, կամ ժամանակի ընթացքում անուղղակիորեն ենթադրելով ադրբեջանցու իրավունք՝ ճանապարհով անցնել առանց որևէ հայի՝ այդ տարածքի իրական տիրոջ, հանդիպելու։
Նիկոլ Փաշինյանի խոսույթը ողջ այս ընթացքում վերաբերվում էր միջանցքը «միջանցք» կոչվել-չկոչվելուն և, փաստորեն, նրա համար էականն այն էր, թե ինչ կկոչվի այն։ Իսկ միջանցքը բախտ չունեցավ գոնե «Զանգեզուրի միջանցք» կոչվելու և կոչվելու է Հայաստանի վրա բացահայտ թքած ունեցող, Հայաստանի տեղը չիմացող, ընդամենը տարածաշրջանում Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի բնական տնտեսական ու ռազմաքաղաքական շահերը ոտնատակ տալու, սեփական շահերը թելադրելու նպատակ հետապնդող Թրամփի անունով։
Հայաստանի տարածքով անցնող ու ադրբեջանին ծառայող, էությամբ ադրբեջանական ճանապարհը 100 տարով վարձակալության, կամ ցանկացած կերպ ամերիկյան վերահսկողությանը կամ ազդեցությանը վերապահելիս ինչ են ակնկալել Նիկոլ Փաշինյանն ու նրա դավաճանական քայլից հրճված նրա թիմակիցները, ովքեր Հայաստանում ազդեցությունը պահելու ռուսական քայլերը համարել են Հայաստանը ծայրագավառ դարձնելու փորձ։ Նրանց այս վարքագծից չափազանց պարզ է, որ նպատակը ոչ թե Հայաստանը ծայրագավառ չդարձնելն էր, այլ Ամերիկայի ծայրագավառ, ՆԱՏՕ-ի շահերի սպասարկու, սեփական շահեր չունեցող, վախից սեփական տարածքը որպես ադրբեջանական ճանապարհ ծառայեցնող միավոր դարձնելն է։ Ի՞նչ են սրանք ակնկալում 100 տարի անց, ինչ հետևանք կունենա այդ ժամանակ ՀՀ տարածք- ճանապարհի ամերիկյան, իսկ հավանական է՝ դրա անվան տակ թուրքական կառավարումը, ի՞նչ շահեր կամրապնդվեն այդտեղ, ի՞նչ պայմաններ կստեղծվեն այդ տարածքի նկատմամբ նոր հավակնությունների համար։ Բնական է, չէ՞, որ ամերիկյան գլոբալ ծրագրին զուգահեռ այդտեղ տարածքային հավակնություններ ունենալու են տարածքն ու ենթակառուցվածքներն օգտագործող Թուրքիան ու Ադրբեջանը:
Ի՞նչ կա Նիկոլ Փաշինյանի ստորագրած այս փաստաթղթում։ Հայաստանի շահերի, ստանալիքի մասին ոչինչ և ամեն ինչ այն մասին է, որ Ադրբեջանի պահանջները կատարվելու են՝ լինելու միջանցք, Մինսկի խումբը դադարեցնելու է գոյությունը և էլի մի բան՝ ստորաքարշ շնորհակալություն շոումենի ամբիցիաներ ունեցող Թրամփին, որ ժամանակ է գտել ստորացնելու Նիկոլ Փաշինյանին՝ «խաղաղության» մասին փաստաթղթում իրեն ուղղված շնորհակալական խոսք ներառելով ու դրա տակ ստորագրել տալով։ Իսկ տեսնես հնարավոր չէ՞ր փաստաթղթում ներառել նաև շնորհակալական խոսք ուղղված Ալիևին՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակային ծաղրելու, նվաստացնելու, ուզածին հասնելու, համար…
Ամերիկյան շահերի համար սպանություններ կազմակերպող Թրամփը Հայաստանը մասնատելու ծրագրին քավորություն անելու համար հավակնում է Նոբելյան մրցանակի, իսկ Փաշինյանն ու Ալիևը ոչ միայն հավասարապես ուրախ են, այլ աջակցելու են դրան։ Իսկ Փաշինյանի թիմակիցները տեղի ունեցածը համարում են պատմական, Նիկոլ Փաշինյանին ներկայացնում որպես միակ անվախ ղեկավար։ Նա, այո, չվախեցավ խաթարել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու կասկածի տակ դնել ինքնիշխանությունը, նա չի վախենում դրա համար անխուսափելի պատժից: