Հետևեք մեզ։

Անկախության հռչակագրի «սխալն» ու փաշինյանական գաղափախոսության «ճիշտը»

12:23, 25 օգոստոս 2025
Անկախության հռչակագրի «սխալն» ու փաշինյանական գաղափախոսության «ճիշտը»

Օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեքստը դժվար է շնորհավորանք անվանել։ Դա անկախության հռչակագրի քննադատություն էր ու վարվող ադրբեջանահպատակ արտաքին քաղաքականության արդարացումը։ Եթե թարգմանենք «խաղաղություն» բառի չարաշահմամբ հասարակության զգալի մասին խլացնելուն ուղղված Փաշինյանի խոսքերը, ապա վերջինս համարում է, որ անկախության հռչակագիրը գրվել է «սխալ հայրենասիրության» գաղափարներով, որոնք արտահայտում էին ԽՍՀՄ-ի աշխարհաքաղաքական շահերը և հայ հասարակության մեջ ներդրվել էին երկրի ներսում հայրենասիրական ձգտումներ չդրսևորելու համար։

 

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պատմական արմատների նկատմամբ մեր ձգտումները մեզանում ամրապնդել է սովետական պրոպագանդան, որպեսզի մենք ոչ թե հայրենասիրաբար անկախություն ուզենք ու ԽՍՀՄ-ից դուրս գանք, այլ հայացքներս գցենք Արարատ լեռանն ու մեր հայրենասիրական էներգիան ծախսենք հենց այդ ուղղությամբ։ Եվ արդյունքում, երբ մենք ամեն դեպքում անկախացանք, մեր հայրենասիրությունն ուղղվեց ոչ թե Հայաստանին, այլ դեպի պատմական արմատներ ու այդպես էլ Հռչակագիրն ունեցավ կոնֆլիկտներ հրահրող բովանդակություն։

 

Բացի այն, որ աստվածաբանի փոխարեն իրեն հիմա էլ պատմաբանի տեղ դրած Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է պատմական իրողությունները, նրա այս համոզմունքները մի քանի լուրջ հարցադրումներ են առաջ բերում։ Նախ, այդ հայտարարությամբ, Փաշինյանն, ըստ էության, մի կողմից քողարկված, մի կողմից էլ՝ բավականին բաց ընդունում և ամրապնդում է ադրբեջանական այն թեզը, որ անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունն ուղղված են դեպի այլ երկրներ ու նրանց նկատմամբ տարածքային հավակնություններ են արտահայտում։ Այո, ադրբեջանական պնդումները հերքելուն զուգահեռ դրանք հաստատելու և Սահմանադրությունը նրանց պահանջով փոխելու ծրագիրն իրացնող Փաշինյանը շատ հստակ կերպով Անկախության հռչակագրի գաղափարաբանությունn անվանել է կոնֆլիկտային՝ նկատի ունենալով հենց այն, ինչ պնդել ու պնդում են թուրքերը։

 

Եվ բացի դա, զարմանալ կարելի է, որ անհաջողություններով պատմության մեջ նմանը չունեցող մեկը, ով պատերազմ է հրահրել չմտածված ելույթով, ով պատերազմ է սադրել փորձելով կրկնօրինակել հեղինակություններին ու ղժղժացել, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ով չի կարողացել պետական կառավարումը տարբերել սեփական «դուքյանը» մի կերպ յոլա տանելուց, ով հասարակությունն ու պետությունը ինստիտուտների միջոցով ղեկավարելու փոխարեն ընտրել է անհավասարակշիռ բղավոցների ճանապարհը, 30 տարի անց իրեն թույլ է տալիս քննադատել Անկախության Հռչակագրի տեքստը, դրա հիմքում ընկած հայրենասիրությունը, գաղափարներն ու դրանով նսեմացնել այն ոգևորությունը, որը մեր ժողովուրդն ունեցել է այդ օրերին։ Իսկ մի քիչ շատ չի՞, որ Նիկոլ Փաշինյանը 30 տարի անց քննադատի հասարակության մեջ արմատացած գաղափարաբանությունն ու ինքն էլ գնահատի ինքն իրեն, իսկ իր գաղափարաբանությունը հռչակի որպես Հայաստանի անկախությունը պահպանելու միակ ճանապարհ։ Շատ է, իհարկե, և պատմությունը շատ շուտով ցույց կտա, որ սա Էրդողանի գրքերում քարոզած ճանապարհն է, որը մեզ կաթիլ-կաթիլ տանելու է դեպի նոր կորսված հայրենիք ու արժեքներ։

 

Փաշինյանի տեքստում մի հետաքրքիր բան էլ կա։ Դրանից ակնհայտ է, որ նա ոչ թե չստացված, այլ գիտակցված վատ կառավարիչ է, ով շատ լավ հասկանալով հասարակության մեջ տարբեր գաղափարներ արմատավորելու եղանակները, իր յուրաքանչյուր ուղերձով հասարակությանը հակում է սպառողական հոգեբանության։ Նա հասարակությանն ամեն կերպ հեռացնում է արժեքներից ու համոզում, որ եթե ճանապարհին ասֆալտ կա, իսկ դու տեսել ես Ջենիֆեր Լոպեսին, ուրեմն կյանքդ չափազանց լավն է, իսկ դու երջանիկ ես։ Փաշինյանն ու նրա կինը դա այնպես են անում, որ հասարակությունը չի հասկանում և չի էլ ցանկանում հասկանալ, որ այդ ասֆալտն իրականում լավը չէ, ավելին՝ այն այնքան վատն է, որ մեկ ամիս ամեն օր անխուսափելիորեն ընկնում ես Երևանի կենտրոնում ճանապարհի մեջտեղում գոյացած նույն փոսը, իսկ նա Թրամփին խաբել է, թե Հայաստանում ճանապարհները ավելի լավն են։

 

​ Գրքերի, ֆիլմերի ու թատերական ներկայացումների միջոցով մեզանում կաթիլ-կաթիլ գաղափաներ սերմանելու մանրամասներն իմացող Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է սերմանում իր հեղինակած գրքով, որտեղ պղծություն է նկարագրված, իր ելույթներով, որոնցում ատելության խոսք է, ֆեյսբուքյան գրառումներով, որոնցում ինստիտուտի՝ եկեղեցու հանդեպ գռեհկաբանություն է, պառլամենտում` ոչ ադեկվատ վարքագծով, բացահայտ սպառնալիքներով ու ատելության խոսքով, որի հետևանքն ընդդիմախոսի կալանավորումն է։

 

Նիկոլ Փաշինյանը շատ լավ է գիտակցում, որ հանրային անձի, հատկապես քաղաքական գործչի խոսքը զգալի ազդեցություն ունի մարդկանց վրա, հասկանում է, որ իր համակիրներին հակում է հայհոյախոսության՝ նրանց զսպելու փոխարեն ու շարունակում է դա։ Նիկոլ Փաշինյանը, ցավոք, դա անում է ժողովրդի մի մասի «դրդմամբ»՝ շատ լավ իմանալով, որ հասարակության մի մասից քվե ստանալու միակ եղանակը հայհոյելու նրանց ցանկությունը բավարարելն է․․․

 

 

 

Վերլուծական