Հետևեք մեզ։

Քար նետող ուխտադրուժները կամ հոգևոր արժեքների հանդեպ ոտնձգությունը թողել մինչև պետք գա

00:13, 20 հուլիս 2025
Քար նետող ուխտադրուժները կամ հոգևոր արժեքների հանդեպ ոտնձգությունը թողել մինչև պետք գա

Դրժության որևէ դրսևորում, լինի այն կուսակրոնության, ամուսնական հավատարմության, ընկերության կամ ցանկացած այլ ուխտի, արդարացնելու միտում, ցանկություն կամ պատճառ չկա։ Պարզապես պատճառներ շատ կան պնդելու, որ այդ մասին խոսելու իրավունք ոչ բոլորն ունեն ու հատկապես՝ ուխտադրուժներն այդ մասին չեն կարող խոսել։

 

Եկեղեցական իշխանության մեջ եղած շատ խնդիրներ իսկական հային միշտ են հուզել։ Բայց որևէ մեկը դրանց լուծումը, ազնիվ լուծումը չի էլ փնտրել, իսկ գործող իշխանությունը դրանց մասին խոսում է ուխտադրուժ կերպով։ Եթե իրականում կա այն, ինչի մասին ամեն օր դավադիր տոնով, ոչ քրիստոնեաբար, ոչ աստվածահաճո բառապաշարով խոսում է քաղաքական իշխանության ղեկավարը, ապա կա վաղուց։ Եվ եթե այդ մասին Նիկոլ Փաշինյանը հիշել է վերջերս ու հիշել է զուտ քաղաքական հաշվարկներից ելնելով, այսինքն՝ հոգևոր արժեքների հանդեպ ոտնձգությունը թողել է այնքան, մինչև դրա մասին խոսելն իրեն պետք լինի, ապա նա դրժել է իրեն ընտրողների առաջ ստանձնած գոնե ազնիվ լինելու ուխտը։


Իսկ եթե ավելի պարզ, ապա կրկնեմ․ եթե կան կուսակրոնության ուխտը չպահած հոգևորականներ, իսկ այդպիսիների մեջ, վստահ եղեք, եղել են նաև քաղաքական իշխանության սիրելիներ, ու Փաշինյանն այդ մասին բարձրաձայնում է միայն այն ժամանակ, երբ ըստ իրեն, եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, ապա նա այդ մասին խոսելու բարոյական իրավունք չունի, քանի որ մինչ վերջերս համաձայն է եղել ուխտը չպահած եկեղեցականների հոգևոր ծառայությանը, պայմանով, որ նրանք քաղաքական դեր չստանձնեն, ու համաձայն չէ նրանց ծառայությանը միայն և միայն հանուն իր քաղաքական շահերի և ոչ երբեք հանուն հոգևոր արժեքների։


Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն ապօրինի եղանակներով պահող նրա հպատակները այնքան էլ չեն կարող ուրախանալ IT ընկերության գլխավոր տնօրենի ու նրա սիրուհու մասին Փաշինյանի վերջին պատմությունից և այդ պատմությանն «ընդամենը IT ընկերության» արձագանքից։


Ամուսնական դավաճանությունն, իհարկե, այն հարցը չէ, որի մասին կարելի է բաց խոսել, բայց եթե արժեքների ու դրանք չպահպանելու հետևանքների մասին ենք խոսելու, ու եթե Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տվել բացել այդ թեման, ապա նա պարտավոր է այդ առումով փոքր-ինչ ավելի հաշվենկատ լինել իր շուրջը հավաքած յուրայինների, դրանց թվում՝ նաև ուրիշներին դատողների հարցում։ Եթե ոչ, ապա ի՞նչ իրավունքով ու վստահությամբ որպես օրինակ ներկայացնել ամուսնական անհավատարմության դեպքը, երբ այդ հաշվով շուրջդ չափազանց շատ պարզելու, իսկ պարզելուց հետո՝ զարմանալու բան ունես։
Բայց կրկնեմ, ինտիմ թեմաները Փաշինյանի հեղինակայինն են, այդ մասին խոսելիք չկա, իսկ եթե նա ոգևորված է դրա մասին գեղեցիկ պատմություններով, ապա կարող է ամեն դեպքում շուրջը նայել…


Իսկ դրժության պատմություն է այս իշխանության գոյությունն ամբողջությամբ:


Խոստում տվե՞լ էիք, որ մարդը հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության համար բարձրագույն արժեք է։ Տվե՛լ եք, այո՛։ Տվե՞լ եք, ապա թքել նրա երեսին, անվանել «համբալ», ծեծել լրագրողին, իրար ծեծել Ազգային ժողովում, սպառնացել ու վիրավորել մարդուն ու շարունակում եք վիրավորել ձեր տիկնոջ հետ՝ միայն ու միայն ձեզ քննադատելու համար։ Դրժե՞լ եք ձեր խոստումը, դրժել եք, քանզի որևէ մեկդ դրանց համար պատասխան չեք տվել, հրաժարական չեք ներկայացրել, միայն պետության ղեկավարման ձեր միջոցով՝ ֆեյսբուքով, ելույթ եք ունեցել ու հիշել, որ դուք էլ մարդ եք, նյարդեր ունեք։


Խոստում տվե՞լ եք, որ հավասարություն է լինելու, որ նախարարներն ու պատգամավորները, նրանց բարեկամները անպատիժ չեն լինելու: Խոստում տվե՞լ եք, տվե՛լ եք բայց թալանի մասին խոսելով իշխանության եկած Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրել թալանին իր եղբոր կնոջ առնչության համար։ Ի դեպ, եղբոր կինն իր մեղավորությունն ընդունել է, բայց Ալեն Սիմոնյանը շարունակում է չհայցել հանրության ներողամտությունը։


Ափսոսանքի խոսքեր չենք լսել նաև ԱՆԻՖ-ի թալանի համար, իսկ այդ գործը, ի տարբերություն ընդդիմադիր հայացքներ ունեցողների գրած երկու բառի, Ձեր ու Ձեր տիկնոջ օգնական գլխավոր դատախազը չափազանց երկար է ուսումնասիրում, այդ մասին հրապարակումները նա շարունակ քննարկում ու քննարկում է, իսկ դատապարտված չկա, թալանված միլիոններն էլ չեն վերադարձվել։


Ուխտել էիք լինել ազնիվ, աշխատել հանուն հեղափոխական արժեքների, քաղաքական հետապնդումներ թույլ չտալ։ Դրժել եք, ցավոք, նաև այդ ուխտը։ Սամվել Կարապետյանին բանտ նստեցնելը մինչև այսօր պատճառաբանել եք, որ նա նաև Ռուսաստանի քաղաքացի լինելով, Հայաստանում քաղաքական ակտիվություն է փորձել դրսևորել։ Դրա համար կա՞ քրեական պատիժ, չկա, դրժե՞լ եք  ուխտը, իհարկե դրժել եք՝ դրա համար օգտագործելով երդումը դրժելու հարցում ոչ մի սահման չունեցող ձեր օգնականացուներին, որոնք որքան փորձում են պատվիրված եթերներում խայտառակվելով իրավական փաթեթավորում տալ ուխտադրժություններին, այնքան ավելի անխուսափելի են դարձնում ապագայում իրենց բաժին դրժության պատիժը։

Վերլուծական