Հետևեք մեզ։

Ձախողվա՞ծ, թե՞ թալանով ձախողած պրոեկտ

21:25, 01 սեպտեմբեր 2024
Ձախողվա՞ծ, թե՞ թալանով ձախողած պրոեկտ

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱՆԻՖ-ի դժբախտ ճակատագրին։ Նա խոստովանեց, որ ԱՆԻՖ-ը ձախողված պրոեկտ էր ու բացատրեց, որ նման ձախողումներ էլի կան և որ այդպիսիք չունենալու միակ ձևը ընդհանրապես պրոեկտներ չունենալն է։ Նիկոլ Փաշինյանը համոզված էր, որ որոշ պրոեկտների ձախողումը բոլոր երկրներում նորմալ երևույթ է։

 

Ասվածի մեջ ճշմարտություն կա, գիտե՞ք, հատկապես, եթե խոսելու լինենք իրական ձախողումների մասին։ Բնական է, որ երկրի կառավարման ժամանակ կայացված առանձին որոշումներ ռիսկային են, հատկապես տնտեսության ոլորտի որոշ գործընթացներ կորստի ռիսկեր են պարունակում։ Բնական է, որ ամեն գործընթաց չէ, որ հաջող է ստացվում, քանի որ դրա հաջողությունը կախված է, օրինակ, ոչ միայն խելացի կառավարումից ու չթալանելուց, այլ նաև միջազգային շուկայից, ինֆլյացիայից, դեֆլյացիայից ու նման այլ ողջամիտ բաներից։ Բայց, ցավոք, ԱՆԻՖ-ի ճակատագրին ու այդ ճակատագրի հետ կործանված միլիոնավոր դոլարներին այդպես է վերաբերվում միայն Նիկոլ Փաշինյանը։

 

Հանուն արդարության մենք էլ խոստովանենք, որ այդպիսի կարծիք ունի ոչ թե ընդդիմադիր պատգամավոր, այլ իշխանության գլուխ ու ԱՆԻՖ-ը թալանած եղբայրության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ի՞նչ կաներ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, գիտենք բոլորս։ Նա Ազգային ժողովում բոլորիս հայտնի նախկին ձայնով կհայտարարեր, որ ձախողվածը ոչ թե պրոեկտն է, այլ դրա գլուխ կանգնած Տիգրան Ավինյանը։ Բայց սա էլ լավագույն դեպքում։ Այն ժամանակ դժվար կլիներ Նիկոլ Փաշինյանին բացատրել, որ կան ձախողված պրոեկտներ ու նա վստահ կհայտարարեր, որ գործ ունենք, ոչ թե ձախողման, այլ միլիոնավոր դոլարների թալանի հետ։

 

Ես համաձայն եմ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրականում, ԱՆԻՖ-ի ու իրենց հետ անհայտ, բայց միաժամանակ հայտնի ուղղությամբ ահռելի փողեր տարած այլ պրոեկտների մասին որպես ձախողում կարելի էր խոսել, եթե որևէ մեկը, թեկուզ՝ հենց Նիկոլ Փաշինյանը, մի օր բացատրեր բոլորիս, թե ինչպես ու որքան լրջորեն մշակված, գիտականորեն հիմնավորված կանխատեսումներով է սկսվել այդ պրոեկտը, պատմեր, որ այն ունեցել է հաջողելու օրինակ 80 տոկոս հավանականություն ու ձախողելու 20 տոկոս ռիսկ, և այս ու այն անկանխատեսելի գործոնների ազդեցությամբ ձախողվել է։  

 

Բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանը և ո՛չ էլ հատկապես ԱՆԻՖ-ի փողերի տեղը իմացող նրա որոշ թիմակիցներ, մեզ այդպիսի բան չեն կարող բացատրել։ Գիտե՞ք ինչու, որովհետև դժվար է մեզ համոզել, որ ԱՆԻՖ-ի ղեկավարությանը միլիոնավոր դոլարներով վարձատրելու հիմնավորված անհրաժեշտություն կար։ Անհնար է, հասկանո՞ւմ եք, հրապարակային բացատրել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ԱՆԻՖ-ը որպես պրոեկտ ձախողվել է, բայց այն ղեկավարած անձանց աստղաբաշխական, նմանը չունեցող աշխատավարձեր տալու պրոցեսն այդպես էլ չի ձախողվել։

 

Այժմ էլ քաղաքապետարանում պրոեկտներ մշակող Տիգրան Ավինյանը չունի՞ ասելիք, թե ինչպես եղավ, որ ԱՆԻՖ-ը ծառայեց բացառապես իրենց հարստացնելուն ու ավելի վաղ որևէ մեկը չբարձրաձայնեց, որ պրոեկտից պտուղներ քաղելու հավանականություն չկա։ Ո՛չ, չունի Տիգրան Ավինյանը ասելիք, որովհետև որքան այդ պրոեկտի չհիմնավորվածության մասին ավելի շուտ ասվեր, այնքան ավելի շուտ կավարտվեր բարձր եկամուտների հոսքը դեպքի հարազատ գրպաններ։ Տիգրան Ավինյանը ասելիք չունի նաև այն պատճառով, որովհետև եթե կարողանար ձախողումներ բացատրել, կբացատրեր, թե ինչպես էին իր մտերիմներն ու թիմակիցները իր քթի տակ՝ Արաբկիրի թաղապետարանում, գռդոնով, իսկ ոմանք՝ ոչ միայն գռդոնով զբաղվում։

 

Անկախ որևէ բացատրությունից, այս բոլոր դեպքերում տեղի ունեցածը բացահայտ կոռուպցիա ու թալան է, որոնց առիթով ոչ թե ուսումնասիրություններ պետք է լինեին, ինչպես նշում է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձվեր պետական բյուջե, ինչպես պահանջում էր նրա պատգամավոր նախնին։ Բայց թալանողներն այժմ նրանք են, ում բացահայտելը մի կողմից բարեկամներին նեղացնել է նշանակում, մյուս կողմից կխայտառակի իշխանությանն ու կբացահայտի, որ նրանք պրոեկտներ մշակելիս ապիկար են, դրանք իրագործելիս՝ ջեբկիր։

 

Բայց ամեն բան ունի նաև պատասխանը տալու իր ժամանակը․․․․