Եվլախում ԼՂ և Բաքվի իշխանությունների հանդիպմանը մասնակցել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի ռուսական կողմի ղեկավար Օլեգ Սեմյոնովը։ Այս մասին հաղորդում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։
«Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման, ենթակառուցվածքների վերականգնման և Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների հիման վրա գործունեության կազմակերպման հարցերի շուրջ։ Վերաինտեգրման ծրագրերը ներկայացրել է Ռամին Մամեդովը։
Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները հայտնել են, որ սոցիալական և հումանիտար հարցերի քննարկման համատեքստում վառելիքի հատուկ կարիք կա։ Միաժամանակ նրանք մարդասիրական օգնություն են խնդրել պարենային ապրանքների տեսքով։
Հանդիպման արդյունքում նրանց խնդրանքը ընդունվել է։ Մասնավորապես, նախատեսվում է աջակցություն տրամադրել մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման ծառայությունների կարիքների ապահովման համար տրամադրել վառելիք։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ։