Հետևեք մեզ։

Պետք է արագ իրագործել ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

18:37, 21 սեպտեմբեր 2023
Պետք է արագ իրագործել ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին  պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները:  

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործուղությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը և  հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բազմաթիվ խնդիրների»,-նշել է Ա. Հարությունյանը։

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են առկա խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով:

Պետական նախարար Արթուր Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները` ապահովելով բնակչության անվտանգության, ենթակառուցվածքների աշխատանքի, շրջաններից տարհանված բնակիչների կեցության, սննդի մատակարարման և մի շարք այլ առաջնային հարցեր: 

Առաջիկայում կլուծվի  նաև հացի խնդիրը և կներկայացվի տրամադրման կարգը։