Հետևեք մեզ։

Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի․ Հայաստանում Վրաստանի դեսպան

19:37, 20 մարտ 2023
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի․ Հայաստանում Վրաստանի դեսպան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը մեծապես կարեւորել է Վրաստանի հետ հարաբերությունները` հիշեցնելով, որ Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է որպես առաջնահերթություն: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի հետ հաստատված սերտ համագործակցությանը: Անդրադառնալով խորհրդարանների նախագահների պարբերական հանդիպումներին` Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այդ մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարի` Հայաստանում:

Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի եւ համապատասխան հանձնաժողովների սերտ համագործակցությունը:

Վրաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է` հիշատակելով մանկության տարիներին մի բակում ապրող վիրահայ ընկերներին: Նա ընդգծել է, որ Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել երիտասարդության շրջանում հայ-վրացական պատմական բարեկամությունն ու հարեւանային ներուժն ամրապնդելու հարցում:

Վերլուծական