Մեր դաշնակից Ռուսաստանը 2020-2022 թվականներին հնարավորություն ունեցել է մեզ օգնելու, բայց չի օգնել։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է, որ ՀՀ-ն հայաստանակենտրոն է և արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխել. «Մենք նաև համագործակցում ենք Հնդկաստանի հետ։ Գիտեք՝ ինչպիսի լուրջ համագործակցություն ունենք, հիմա Արևմո՞ւտք ենք գնում, թե՞ Հնդկաստան»,- ասաց նա և հավելեց, որ ՀՀ-ն գնում է սուվերենությունը բարձրացնելու ճանապարհով։
Գրիգորյանը նշեց, որ 2021-ի փետրվարից Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ, որպեսզի մեր պաշտպանության նախարարությունները սերտ համագործակցությամբ բարեփոխեն մեր բանակը։
«Դրանից հետո մայիսին և նոյեմբերին եղան Ադրբեջանի հարձակումները և Ռուսաստանը կարծես հրաժարվեց դրանից։ Փորձը ցույց տվեց, որ կա այլ ճանապարհ, դա Զինված ուժերի բարեփոխումն է, որն ինտենսիվ առաջ է շարժվում, մենք հնարավորություն ունենք մեր բանակն ուժեղացնելու՝ գտնելով այլ գործընկներ, ինչպիսին Հնդկաստանն է, որը պատրաստակամ է Հայաստանին օգնելու», - ասաց Արմեն Գրիգորյանը։