Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում նշել է, որ մի քանի շաբաթ Ադրբեջանը զորք և ռազմատեխնիկա կուտակելուց հետո լայնամասշտաբ գործողություններ սկսեց Արցախի դեմ, այս գործողության հետևանքը ծանր եղավ, մարդիկ են զոհվել, քաղաքացիական անձինք, երեխաներ։
Կոլոննան անդրադարձել է նաև Ալիևի՝ երեկ հնչեցրած մտքերին․ «Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ալիևի հայտարարությունը, որով նա ասում է, որ ցանկանում է խաղաղությամբ ապրել ԼՂ հայերի հետ, այդ բառերը Ադրբեջանի հանձնառությունն են, նրանք պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար:
Եթե նա ցանկանում է խաղաղ լուծման հասնել, ապա պարտավոր է հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, քննարկումներ ծավալել, որ չի գործադրի ուժ կամ ուժի սպառնալիք, պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների նկատմամբ, որոնք ընդունել են հրադադարը, պարտավոր է արագ ապահովել Լաչինի միջանցքով երթևեկությունը, պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը ԼՂ-ում, որը կենսական է՝ ձմեռը մոտենում է»։
Նա նաև նշել է, թե պետք է զգոն մնալ, եթե որևէ փորձեր արվեն Հայաստանը ներքաշելու այս ողբերգական իրադարձությունների մեջ և դա օգտագործելու պատրվակ` հարցականի տակ դնելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը: