Որոշակի հույսեր կան ԼՂ-ում հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ: Հիմա ավելի մանրամասն չեմ կարող ասել, կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն կմեկնարկի, թե ոչ, դեռ չեմ կարող ասել»,- ասաց նա։
Փաշինյանը անդրադարձավ նաև ԼՂ հայերի՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման հարցին։ Նա նշեց՝ ԼՂ-ի մեր հայրենակիցները կկարողանան տեղափոխվել ՀՀ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը, եթե շարունակվի. հիմա այդ անհնարինությունը առկա է:
«Ավելի քան 40 հազար տեղ նախապատրաստվել է, խոսքը ևս կեցության վայրերի մասին է, և զուգահեռ առողջապահական, սննդի և այլն։ Այդ առումով մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել։ Բայց կրկին ուզում եմ ասել, որ ի դեպ սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ, մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ։ Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որ ԼՂ-ի բնակիչներն իրենց տներում մնան առանց վախի և արժանապատիվ»,- ասաց Փաշինյանը։