«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․
Անկեղծանամ և ասեմ, որ նրանք այս առումով անգերազանցելի են, անդառնալիորեն ցինիկ, կարմիր գծեր հատելու մեջ վիրտուոզ։
Վերջին օրերին, ընդվզման ու ցասումի ալիքին զուգահեռ՝ օրիգինալ առաջին դեմքերով ու նաև ֆեյքերով հայտարարում են, թե Հայաստանում գործակալական ցանց է աշխատում ու սլաքներն ուղղում են Դաշնակցությանը։
Որ Դաշնակցությունը թիրախավորված է հատկապես ձեր կողմից, բնական է։ Մենք գաղափարական հակառակորդներ ենք։ Մերը ազգային պետությունն է, ինքնիշխանությունը, հայրենատիրությունը, ազգային միասնականությունը։ Մերը Երկիրն է․․․
Ձերը՝ նիկոլը, հաղթանակի մսխումը, հայրենազրկումը, ցեղասպանության հանցակցությունը, մեր պետականության ապագան կասկածի տակ դնելը, սադրանքն ու սուտը․․․
Այդքա՜ն մերկապարանոց, այսքա՜ն խղճուկ․․․․ եթե գիտեք ու վստահաբար հայտարարում եք, թե ներկա պայքարն առաջնորդում է գործակալական ցանցն ու շարունակում եք դատարկախոսել, ուրեմն՝ անվերջ անճարակ եք ու անկարող։ Դուք անունակ եք պաշտպանելու պետական շահը/թեև սա վաղուց ապացուցելու կարիք չունի/։
Բայց խնդիրն անբարո սուտն է։ Ձերը՝ սուտն է․ ամոթի և խոսքի պատասխանատվության տոտալ բացակայությունը․․․Դուք չեք հարգում և չեք սիրում ժողովրդին, դուք չեք հարգում նաև ձեր խոսքը․․․
Հիշու՞մ եք, Արայիկ Հարությունյանը տարիներ առաջ Դաշնակցությանը մեղադրեց կոռուպցիայի մեջ։ Երկրորդ վայրկյանին մի քանի դատարկ կարտոնե տուփեր դրվեցին կաբինետի առջև․ ասեցինք՝ լցրու գործերն այստեղ։ Դեռ լցնում է․․․
Պարոնայք ՔՊ-ականներ, դուք անճարակ խուճապի մեջ եք, գուցե՞ շրջահայաց լինեք, կանգ առնեք և, այնուամենայնիվ, հիշեք, որ նիկոլից հետո կյանք կա․․․»։