Հետևեք մեզ։

Արցախի իշխանությունները պետական կառավարում կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ ապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցողների տեղափոխումը

11:05, 25 սեպտեմբեր 2023
Արցախի իշխանությունները պետական կառավարում կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ ապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցողների տեղափոխումը

Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։


Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:


Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:


Հարգելի՛ հայրենակիցներ, 


Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:


Դրան զուգահեռ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:


Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:


Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության:


Հարգելի՛ հայրենակիցներ, 


ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի:


Կոչ ենք անում զերծ մնալ բռնության, անկարգապահության դրսևորումներից, հավատարիմ մնալ արցախցիներին հատուկ օրինապաշտությանը: