Տասը ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Իրավիճակը, որով այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է բերում պատմության ամենամութ ժամանակներից։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսանք հայտնում, որ ոչ ոք բավարար ջանք չի գործադրել այդ ամենը կանխելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
Այս սարսափի մեջ անհրաժեշտ է հրատապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքով եւ միջազգային դիտորդների տեղակայում` մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դադարեցնելու համար:
Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքակազմերը՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։ Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք»,-գրել է Մխիթարյանը և կցել արցախցի երեխայի լուսանկար։