Արցախից Հայաստան տեղահանվող հազարավոր քաղաքացիներ այս պահին Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին են, առաջ չեն շարժվում։ Նրանց մեջ կան երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներ ունեցողներ, որոնք գտնվում են ծանր իրավիճակում, որոշների մոտ վերջացել է վառելիքը, նրանք անցել են Հակարիի կամրջում տեղադրչած ադրբեջանական անցակետը, մեկ չեն կարողանում հասնել Կոռնիձոր կամ Գորիս։ Ճանապարհին մնացած քաղաքացիներց մեկը՝ Վլադիմիր Գալստյանը, Hayastan.news-ի հետ զրույցում ասաց․
«Արդեն 25 ժամ է՝ ճանապարհին ենք, էդ նոր կառուցված ճանապարհի ոլորանների վրա ենք, դեռ Կոռնիձոր չենք հասել, Կոռնիձորի էդ բարձունքն ենք բարձրանում»։
Հարցին՝ ինչպե՞ս անցան ադրբեջանական անցակետը, շա՞տ են ստուգել իրենց, մեր զրուցացկին ասաց․ «Մեծերին ասաց՝ դուրս եկեք, նկարեց, բայց նորմալ անցանք։ Մարդիկ հազիվ մի 5 լիտր բենզին են ճարել, ուզում են արագ գնալ, որ բենզինը հերիքի, բայց քանի որ խցանում ա՝ բենզինը չի հերիքում։ Հիմա էս վերևի մասում կանգնած ենք, մեկի բենզինն ա վերջանում, մեկի երեխան ա լացում, մյուսը բան չունի ուտելու, շատ մեծ տանջանքների մեջ ենք հիմա, կարելի էր էդ ամենը կազմակերպել, որ էս չարչարանքների միջով չանցնեինք»։
Արցախցի մեր հայրենակիցն ասաց, որ Կոռնիձոր չհասած՝ հայկական կողմը կանգնեցնում բոլորին հերթով ստուգում, գրանցում է, դրանից էլ խցանում է առաջանում, մինչդեռ կարող էին այնպես կազմակերպել, որ այդ ամենը արագ արվեր, մարդկանց քանակն ավելացնեին կամ գրանցումը մեկ այլ հատվածում կազմակերպվեր՝ ոչ ճանապարհին։
Վլադիմիր Գալստյանն ասաց, իրենք երենք մեքենայում վեց հոգով են՝ երեք մեծահասակ, երեք երեխա, գալիս են Ստեփանակերտից։
Հ․Գ․ Ավելի ուշ տեղեկացրին, որ իրենք հասել են Գորիս, Կոռնիձորում նրանց ստուգել են, հաշվառել, հիմա Գորիսում են, բայց դեռ կացարան չունեն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ