Ապատեղեկատվություն է, մեր ուղղաթիռները չեն թռել Արցախ, չնայած որ, մենք էլ տեսանք` կայքերը մեր ուղղաթիռների նկարներն էին դրել: Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասացին Armenian Helicopters ընկերությունից: Հիշեցնենք, այսօր տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանից բժիշկների թիմը ուղղաթիռով արդեն մեկնել է Ստեփանակերտ, իսկ որոշ ժամանակ անց Ստեփանակերտից վիրավոր տեղափոխող առաջին ուղղաթիռն արդեն վայրէջք է կատարել Սիսիանում: Ամենայն հավաքականությամբ` դա եղել է Պաշտպանության նախարարության ուղղաթիռ: Ընկերությունից մեզ ասացին, որ իրենց քննարկումների մեջ են Առողջապահության նախարարության հետ, և երբ հանձնարարական լինի, իրենք պատրաստ են Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիներին տեղափոխել Երևան, բայց նաև նշեցին, որ իրենց ուղղաթիռները միայն մեկ պացիենտի կարող են տեղափոխել:
Ինչ վերաբերվում է գիշերը թռչելու անհնարինությանը, ապա Armenian Helicopters-ից մեզ ասացին, որ իրենց ուղղաթիռները կարող են թռիչք իրականացնել միայն ցերեկը` մինչև ժամը 16:30, որովհետև գիշերային տեսանելիության սարքերով հագեցած չեն` դրանք թանկ հաճույք են: Ընկերությունից նաև դժվարացան ասել` իրենց ուղղաթիռները հարկ եղած դեպքում ուղիղ Ստեփանակե՞րտ կթռչեն, թե՞ Գորիս կամ մոտակա այլ վայր, որտեղից կտեղափոխեն ցամաքով Ստեփանակերտից տեղափոխված վիրավորներին:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ