Իրանական կողմի նախաձեռնությամբ՝ այսօր տեղի է ունեցել Իրանի նախագահ Ռաիսիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության, այդ թվում՝ հայ բնակչությանը մարդասիրական օգնության մասին։ Ռուսաստանի և Իրանի նախագահները կարևորել են բոլոր հարցերի որոշումը բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պուտինն ու Ռաիսին նաև փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել «3+3» տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքը ակտիվացնելու հարցում։
Երկկողմ օրակարգը քննարկելիս գոհունակություն է հայտնվել ռուս-իրանական համագործակցության կառուցողական և փոխշահավետ բնույթից։
Նշենք, որ «3+3» տարածաշրջանային պլատֆորմին Վրաստանը դեմ էր։