Հետևեք մեզ։

Պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ

11:37, 21 մարտ 2023
Պարզվել են  «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։
 
2021թ. հունիսի 14-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավանի անտառպետության պահաբաժիններում ապօրինի հատվել է տարբեր տեսակի թվով 50 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Իրականացված քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներ 2021թ. մայիսից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում, հիշյալ անտառտնտեսության պահաբաժիններից, առանձին-առանձին, ձեռնասղոցի գործադրմամբ, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր: Փայտանյութը ջեռուցման նպատակով օգտագործելու համար տեղափոխել են հիշյալ բնակավայրի տարբեր հասցեներում գտնվող իրենց տան բակ և օգտագործել իրենց կարիքների համար:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասին):
Նրանց վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է և նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
 
Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների կողմից ինչպես կանխարգելիչ և հսկողական միջոցառումների, այնպես էլ քրեական վարույթների շրջանակում ապօրինի ծառահատումների դեպքի բացահայտմանն ուղղված քննությունների արդյունքում ՀՀ Լոռու մարզում արձանագրվում է ապօրինի անտառահատման դեպքերի հետևողական նվազում։
Եթե 2021թ. ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 108 դեպք, ապա 2022թ.՝ 76, կամ 30%-ով պակաս: Դեպքերի նվազումը հանգեցրել է նաև դրանցով նախաձեռնվող և քննվող քրեական վարույթների, ինչպես նաև բնությանը պատճառվող վնասի էական նվազման։
2022թ. ընթացքում մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների քննիչների կողմից քննություն է կատարվել ապօրինի ծառահատումներին առնչվող 114 քրեական վարույթով, մինչդեռ 2021թ. քննված քրեական գործերի քանակը եղել է 138-ը։
Իսկ 2022թ. ընթացքում քննվող վարույթների շրջանակում ապօրինի ծառահատմամբ բնությանը պատճառված՝ բացահայտված վնասը կազմել է շուրջ 32մլն ՀՀ դրամ, որը շուրջ 7 անգամ նվազ է 2021թ. պարզված՝ պատճառված վնասի չափից (234 մլն դրամ)։
2021թ և 2022թ ընթացքում մարզում ապօրինի ծառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 39 անձի նկատմամբ, այդ թվում՝ 11 անտառապահ, 3 անտառապետ։
Նախորդ երկու տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ավարտվել և դատարան է ուղարկվել ընդհանուր 24 քրեական վարույթ՝ 24 անձի վերաբերյալ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: