ՀՀ ներքին գործերի նախարարության օպերատիվ կենտրոնից ստացված տվյալների համաձայն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների տեղաբաշխման կայաններում հաշվառվել է 20 հազար 270 անձ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հաշվառումից հետո տեղի է ունենում տեղաբաշխում։ Քաղաքացիները սկզբում մուտք են գործում Կոռնիձորի հումանիտար կայան, այնուհետև Գորիսում տեղի է ունենում հաշվառումը։ Գորիսում արդեն իսկ լուծվել է 650 անձի կեցության հարց, Սիսիանում` 169, Տաթևում` 171, Կապանում` 324, Մեղրիում` 19։ Սյունիքի մարզում, ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 1298 տեղահանված անձ։ Վայոց Ձորի մարզում տեղահանված անձանցից 532-ի կեցության հարցն է լուծվել, Գեղարքունիքի մարզում` 752-ի, Տավուշում` 268-ի»,-ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, պետությունը 2850 անձի կեցության հարց է հոգացել: