Հետևեք մեզ։

ՀՀ ԱԽ քարտուղար Գրիգորյանը Չարլզ Ֆրիզի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը

21:38, 26 սեպտեմբեր 2023
ՀՀ ԱԽ քարտուղար Գրիգորյանը Չարլզ Ֆրիզի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին: 

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը և գործունեությունը Հայաստանում՝ որպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքում կարևոր ձեռքբերում:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավոր եզրերը՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն շրջանակներում: