Հետևեք մեզ։

«Ոչ մի մասկիրովկա չեմ արել, սպարտիվնի հագած եկել եմ, Արցախից դուրս գալու տարբեր մեխանիզմներ կան, եթե պետք է, կարող եմ հուշել»․ Սամվել Բաբայան

23:34, 26 սեպտեմբեր 2023
«Ոչ մի մասկիրովկա չեմ արել, սպարտիվնի հագած եկել եմ, Արցախից դուրս գալու տարբեր մեխանիզմներ կան, եթե պետք է, կարող եմ հուշել»․ Սամվել Բաբայան

Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեն դիմել Ադրբեջանին, որպեսզի հրապարակվի տեսանյութը, թե ինչպես եմ անցնում անցակետով։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միացյալ հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։

«Էնտեղ մոտ 30 տարեկան մարդիկ են, որոնք ինձ չեն ճանաչում, անձնագիր չեն նայում էնտեղ, ոչ մեկինը չեն նայում, իջնում ես, վարորդը բացում է բագաժնիկը, դու էլ իջնում ես, մի 15 քայլ անում ես ու անցնում ես։

Բոլորը մտահոգ են՝ ես ինչու անցա։ Ես վերջին մարդն էի լինելու, երբ ես ղեկավարեի երկիրը։ Ոչ մի մասկիրովկա չեմ արել, սպարտիվնի հագած, մի հատ կուրտկայով եկել եմ»,-ասել է Բաբայանը։

Հարցին՝ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն չի եղել, Բաբայանն ասել է․ «Ես որևէ կապ չունեմ ադրբեջանցիների հետ, որ մի հատ էլ պայմանավորվածություն ունենամ։ Տեսաժապավենը որ նայեք, կտեսնեք, չեն ճանաչել»։

Դիտարկմանը, որ իշխանության մի շարք ներկայացուցիչներ խոսում են, որ ուզում են դուրս գալ, դիմում են խաղաղապահներին, այսինքն՝ դա լուրջ խնդիր է Արցախում, Բաբայանն արձագանքեց․ «Կա տարբեր մեխանիզմներ դուրս գալու համար, եթե պետք է, կարող եմ հուշել»։

Հարցին՝ այսինքն չէր վախենում, որ կձերբակալեին, կտանեին Բաքու, Բաբայանը պատասխանել է․ «Ես ոչնչից չեմ վախենում, մի անգամ նստել եմ Բաքու, պետք լինի 5 անգամ էլ կնստեմ, եթե ես գիտեմ, որ ճիշտ եմ, իմ ճիշտը ամեն տեղ կտանեմ առաջ»։

Նշենք, որ դեռևս մայիսին Սամվել Բաբայանը հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ եթե շարունակեն դիտորդի կարգավիճակում մնալ, դառնալու են փախստական, և նշել՝ ցանկանում է Արցախի պետնախարարի պաշտոնը և 100 օր «Արցախը չկորցնելու համար»։