Քիչ առաջ մենք ականատես եղանք հերթական ստի ու խաբեության դրսևորմանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց Բերձորի միջանցքի հետ կապված ԱԺ հայտարարության նախագծի մեր տարբերակը, որով փաստացի հրաժարվեց 2021 թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։
Սա նշանակում է, որ իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ, և Իլհամ Ալիևին նման գործողություններ անելու համար, բացի այն, որ իրենք միշտ էլ չեն թաքցրել իրենց նկրտումները Հայաստանի և Արցախի նկատմամբ, հիմք է հանդիսացել այն, որ առաջինը Պրահայում տեղի է ունեցել, ըստ էության, համաձայնություն Փաշինյանի և Ալիևի միջև, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։
Երկորդ հանգամանքն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները հերթական լարվածության և, կարելի է ասել, փչացման փուլն են ապրում, և դա նույնպես թևեր է տալիս Ալիևին։ Եւ երրորդ հանագամանքը, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների՝ Հայաստանի իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, և Արևմուտք-ռուսաստան հակամարտության մեջ մեր երկիրը վերածել են մանրադրամի»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով՝ այս երեք հիմնական հանգամանքներն են, որ Ալիևին հնարավորություն են տալիս դիմել ագրեսիվ, սադրիչ և հանցավոր գործողությունների։ Եւ այս իրավիճակի փոփոխության համար, ըստ ընդդիմադիր պատգամավորի, անհրաժեշտ է Հայաստանի քաղաքականության փոփոխություն, իսկ դա ենթադրում է այլ իշխանություն։
Պրահայում տեղի է ունեցել համաձայնություն Փաշինյանի և Ալիևի միջև, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում․ Թևանյան
12:40, 21 մարտ 2023