ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ:
Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ:
«Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով եք ստիպված եղել անցնել, հասկանում ենք, որ կարոտում եք ձեր տունն ու դպրոցը: Միասին պետք է հաղթահարենք դժվարությունները: Իմացեք, որ դուք մենակ չեք. մենք մշտապես ձեր կողքին ենք և ձեզ շատ ենք սիրում»,- երեխաների հետ զրույցում ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը զրուցել է նաև բռնի տեղահանված երեխաների ծնողների հետ, լսել նրանց վերջին օրերի անասելի դժվար ճակատագրերի պատմությունը:
Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցն այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 20 երեխաների է ընդունել՝ թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի, որոնք ընդգրկվել են տարբեր դասարաններում: 44-օրյա պատերազմից հետո դպրոցում նաև արցախցի երկու ուսուցիչ է աշխատում, այս պահին էլ երաժշտության ուսուցչի կարիք ունեն և հուսով են, որ իրենց համայնք տեղահանված մեր հայրենակիցների մեջ համապատասխան մասնագետ կլինի և թափուր հաստիքը կկարողանան համալրել:
Երեխաներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ դասագրքերով, գրենական պիտույքներով: Մարզպետարանների ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերական-հանձնարարություն են ստացել՝ հետևողական և ուշադիր լինել բռնի տեղահանված երեխաների խնդիրներին՝ անընդհատ կապի մեջ լինելով տվյալ տարածքի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ: Դպրոցներն իրենց բնակավայրում գտնվող և դպրոց չհաճախող երեխաների մասին օպերատիվ տեղեկատվություն են ստանում՝ նրանց օր առաջ ուղղորդելով հաճախել դպրոց:
Նախարարը հետաքրքրվել է, թե երեխաներն ի՞նչ նախասիրություններ ունեն և վստահեցրել, որ երաժշտության, արվեստի և սպորտի խմբակներ հաճախող երեխաներն այստեղ ևս կունենան այդ հնարավորությունը ու կշարունակեն զբաղվել իրենց նախընտրած ուղղությամբ:
Սեպտեմբերի 29-ի առավոտյան 06:00-ի դրությամբ Հայաստան է մուտք գործել ԼՂ-ից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ. տեղահանվածներից յուրաքանչյուր երրորդը երեխա Է: Նախարարի խոսքով՝ ԼՂ 108 հանրակրթական դպրոցների շուրջ 21 հազար սովորողներից գրեթե բոլորն արդեն Հայաստանում են:
«Դպրոց ընդունվող երեխաների թիվն անընդհատ փոխվում, ավելանում է: Օպերատիվ կերպով լուծվում են նրանց դասագրքերով և գրենական պիտույքներով ապահովման հարցերը: Ինչպես գիտեք՝ մեր դպրոցներում նաև իրականացվում է դպրոցական սնունդ ծրագիրը, որի շրջանակում 1-4-րդ դասարանների երեխաները հենց դպրոցում ստանում են առողջ սնունդ: Այս ծրագիրը, իհարկե, գործելու է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր երեխաների համար: Սա շարունակական աշխատանք է. պարզ է՝ առաջիկա օրերին դպրոց գնացող երեխաների թիվը պետք է մեծանա: Մենք պատրաստ ենք ընդունել բոլոր երեխաներին և լուծել ընթացիկ հարցերը՝ կապված դասագրքերի, ֆինանսավորման հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ բնակավայրի միակ դպրոցներում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ տվյալ հաստատության՝ լիցենզիայով սահմանված տեղերի թվից: Մի քանի ուսումնական հաստատություններ ունեցող բնակավայրերում երեխաների ընդգրկումն իրականացվելու է ազատ տեղեր ունեցող հաստատություններում, իսկ տվյալ բնակավայրում դրանք ամբողջությամբ համալրված լինելու դեպքում՝ կրկին առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, տվյալ բնակավայրի մոտակա հաստատությունում՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից:
Ուսումնական հաստատություններ դիմելիս մեր հայրենակիցները փաստաթղթերի խնդիր չեն ունենա. երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու: Նախարարը նաև տեղեկացրել է՝ լրացուցիչ ծրագիր է մշակվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների մասնագիտական աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար: «Վստահ եմ՝ բոլորին կկարողանանք առաջարկներ անել, քանի որ մեր համակարգում կա ուսուցիչների պակաս, և բոլոր դպրոցներն էլ պատրաստակամ կլինեն ներառել նրանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Այս համատեքստում Ռանչպարի միջնակարգ դպրոցի տնօրենը նշել է, որ ունեն ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի թափուր հաստիք: Տնօրենի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից իրենց բնակավայր տեղահանված քաղաքացիների շրջանում նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներ կան, այնպես որ կկարողանան աշխատանքի անցնել դպրոցում: Առհասարակ, դպրոցի տնօրենի խոսքով՝ նվազագույնը 50-60 դպրոցականի են ակնկալում ընդունել: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմից հետո Ռանչպարի միջնակարգ դպրոց տեղափոխված աշակերտներից 36-ը մնացել ու կրթությունը շարունակում են ստանալ իրենց դպրոցում:
Հովտաշենի միջնակարգ դպրոցում այս պահին 12 սովորող է ընդգրկվել. ևս 7-8 աշակերտ արդեն դիմել են և առաջիկայում կընդունվեն դպրոց: Երեխաներն արդեն ծանոթացել են իրենց նոր ուսուցիչների ու դասընկերների հետ, ստացել դասագրքեր, գրենական պիտույքներ:
Արարատի մարզպետարանն այս պահին ամփոփել է մարզի 112 դպրոցներից 107-ի տվյալները. ըստ այդմ՝ Արարատի մարզի 107 դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել:
Արարատի մարզ այցի ժամանակ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը: