Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ` Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու, այնտեղ վստահությունն ամրապնդելու, բնականոն կյանքի վերսկսման, հայերի և ադրբեջանցիների ընդհանուր կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հուսով եմ, որ այս հարցում պետք է շահագրգռված լինի նաև Երևանը, և նրանք ջանքեր կգործադրեն դրա համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում մտնելու որոշումը կայացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ «Երբ Երևանում գործիչներն ասում էին, որ 2020 թվականի նոյեմբերին պատերազմը դադարեցնելու պայմանագիր ստորագրելով՝ Պուտինը ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին, դա սուտ է»,- շարունակեց նա։
Ինչպես նշել է Լավրովը, այդ համաձայնագրում ասվում է, որ Ղարաբաղը հանդիսանում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության տարածքը։ «Ընդհանուր ըմբռնում կար, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է, բայց երբ մեկ կամ մեկուկես տարի անց վարչապետ Փաշինյանը Պրահայում՝ հերթական եվրոպական գագաթնաժողովում ստորագրեց փաստաթուղթ, որում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականույունը 1991 թվականի սահմաններով, հարցը փակված է»,- ասաց նախարարը։