Հետևեք մեզ։

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ (լուսանկարներ)

12:21, 03 հոկտեմբեր 2023
«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ (լուսանկարներ)

 

Հոկտեմբերի 2-13-ը Երեւանում անցկացվում է «Նարատիվային թերապայի» վերապատրաստման բացառիկ դասընթաց շուրջ 30 փորձառու հոգեբանների ու սոցիալական աշխատողների համար։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետները Հայաստանի տարբեր համայնքներում կանցկացնեն համայնքային հոգեկրթական միջոցառումներ եւ խմբային հոգեբանական աջակցության հանդիպումներ՝ փորձելով օգնել մեր հայրենակիցներին վերագտնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Նարատիվային մեթոդի գլոբալ առաջատարն է Ավստրալիայի «Դալվիչ կենտրոնը» (Dulwich Center), որի մասնագետների հետ գործակցությամբ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» մշակել է վերապատրաստման բացառիկ ծրագիր՝ հիմնված հայ մշակույթի, պատմության ու ավանդույթների վրա։ 

«Մենք մեծ հարգանք ենք տածում հայ ժողովրդի պատմության ու հոգեւոր արժեքների հիման վրա հոգեբանական ամոքման ծրագիր ստեղծելու «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» առաքելության նկատմամբ։ Վստահ ենք, որ այս մոտեցումը ու ծրագիրը արդիականություն կունենան նաեւ այլ վայրերում։ Մենք արդեն իսկ մեծապես գնահատում ենք համագործակցության այս հնարավորությունը», - ասել է Դալվիչ կենտրոնի տնօրեն Դեյվիդ Դենբորոն։ 

Դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն հոգեթերապեւտիկ աշխատանքի նորարական ուղղություններից մեկը՝ «նարատիվային» մեթոդը, որը վերջին երկու տասնամյակներում ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է հետտրավմատիկ սթրես, դեպրեսիա, տագնապ, վիշտ ունեցող մարդկանց հետ աշխատանքում:

Հայ մասնագետների համար մշակվել է վերապատրաստման նոր ծրագիր՝ հաշվի առնելով մեր պատմական փորձառությունը, մշակույթը եւ արդի ճգնաժամը։

Դարերի ընթացքում տարբեր արհավիրքների դիմագրավելու ու նորից ոտքի կանգնելու հայ ժողովրդի ոգին ու պատմությունը, հոգեբանության ու հումանիտար այլ գիտությունների հետ միախառնելով՝ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» նպատակ ունի մշակել ու իրականացնել նորարարական ծրագրեր՝ պատերազմի ու այլ աղետների հոգեբանական հետեւանքներից վերականգնմանը աջակցելու համար։

«Անվտանգային ու կենսական այլ խնդիրների լուծմանը զուգահեռ՝ այս իրավիճակում բացառիկ կարեւորություն ունի հոգեկան առողջության վերականգնումն ու մարդկանց դիմակայունության բարձրացումը։ Այս ծրագրի նպատակն է մարդկանց տալ հենման կետ՝ անցյալը վերաիմաստավորելու ու ներկայիս ինքնության ճգնաժամը հաղթահարելու համար»,- վերապատրաստման ծրագրի բացման խոսքում ասել է հիմնադրամի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։ 

Ստացած նոր գիտելիքների ու փորձառության շնորհիվ՝  վերապատրաստված հոգեբաններն ու սոցաշխատողները կփորձեն աջակցել պատերազմի ու ներկա աննախադեպ ճգնաժամի հետեւանքով տուժած մեր հայրենակիցներին՝ օգնելով հաղթահարել հետտրավմատիկ սթրեսն ու դժվարությունները, ուժեղացնել ներհամայնքային միասնությունը։ 

Հիմնադրամը շուտով կիրականացնի նաեւ առաջնային օղակի մասնագետների (մանկավարժներ, սոցաշխատողներ, բուժաշխատողներ, կամավորներ) վերապատրաստում՝ քաղաքացիներին հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով

 

«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման վերաբերյալ արդի մոտեցումները եւ առաջարկել ավելի լավ լուծումներ։ Հիմնադրամը մշակում եւ իրականացնում Է նորարարական ծրագրեր՝ հետճգնաժամային հոգեկան ամոքման, անձնային աճի եւ համայնքային դիմակայունության բարձրացման նպատակով։ 

 

Հիմնադրամը ստեղծվել է 2022թ հուլիսին ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի եւ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ։