Հետևեք մեզ։

Ի՞նչ է տեղի ունեցել Երևանի թիվ 194 դպրոցում․ ուսուցչուհու դեմ բողոքել են աշակերտներին արցախահայերի տեղահանության և թշնամիների մասին պատմելու համար

16:30, 03 հոկտեմբեր 2023
Ի՞նչ է տեղի ունեցել Երևանի թիվ 194 դպրոցում․ ուսուցչուհու դեմ բողոքել են աշակերտներին արցախահայերի տեղահանության և թշնամիների մասին պատմելու համար

Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում օրերս հայրենասիրական հողի վրա ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Hayastan.news-ին պատմեցին, որ դպրոցի ուսուցչուհիներից Աննա Թովմասյանը, որը ազգային երգ ու պարի է դասավանդում, դասապրոցեսի ընթացքում խոսել է այն մասին, թե ինչպես է պատմությունը այսօր էլ կրկնվում, այսինքն՝ հիմա էլ Ադրբեջանն է Արցախի մեր հայրենակիցներին կոտորում ու բռնի տեղահանում, մանկավարժն ասել է, որ պետք է լավ սովորեն, հզորացնեն ազգայինն ու հայկականը։

Նշենք, որ Աննա Թովմասյանը   «Ակունք» ազգագրական համույթի երգչուհիներից է։

Այդ պատմությունից, պարզվում է, ինչ-որ աշակերտ հուզվել է, որի ծնողն էլ բողոքել է դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանին, թե ինչու են իր երեխայի մոտ նման պատմություններ պատմում, իր երեխան դրանից սթրես է տանում։ Բանը հասել է ընդհուպ թուրքին և ադրբեջանցուն մեզ թշնամի համարող ու նրանց վայրագությունների մասին երեխաներին պատմող ուսուցչուհուն աշխատանքից հեռացնելու հարցի քննարկմանը, անգամ քաղաքապետարանից են պաշտոնյաներ խառնվել հարցին, թե ինչու է ուսուցչուհին աշակերտների մոտ նման թեմաներից խոսում, «խաթարում երեխաների հոգեբանությունը, միթե՞ թուրքն ու ադրբեջանցին մեզ թշնամի են»։

 

Մեր տեղեկությունը հաստատեցին թիվ 194 դպրոցից, որ նման միջադեպ եղել է, սակայն, ինչպես Hayastan.news-ին փոխանցեց գործավարուհին, խնդիրն արդեն հարթվել է։ «Այդ հարցն արդեն փակվել է, տնօրենը ծնողների հետ հարթել է հարցը, ամեն ինչ նորմալ է այս պահի դրությամբ,  էլ ոչ մի խնդիր չունենք։ Ուղղակի թեման համընկել էր դասապրոցեսի, երգի բառերի հետ, այդքան մի բան, արտասովոր ոչինչ չի եղել»,-ասաց գործավարուհին՝ դժվարանալով պատասխանել, թե կոնկրետ որ երգն է եղել։

 

Միայն ասաց, որ երգի բառերն այնպիսին են եղել, որոնք նվիրված են եղել տարիներ առաջվա իրադարձություններին, և քանի որ այսօրվա և տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները համընկել են, ուսուցչուհին էլ որոշել է նաև այսօրվա դեպքերին անդրադառնալ և զուգահեռներ անցկացնել ու բացատրել, թե այդ երգի բառերը ինչին են ծագել։ Մենք ցանկացանք նաև տնօրեն Նունե Մանուկյանից մեկնաբանություն ստանալ, սակայն գործավարուհին ասաց, որ տնօրենն այս պահին ժողովի է՝ խնդրելով մի փոքր ուշ զանգել։ Տնօրենի հետ խոսելուց հետո նրա մեկնաբանությունը ևս կներկայացնենք։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ