Հետևեք մեզ։

Բաքուն չի մասնակցի այնպիսի հարթակի, որին մասնակցում է Ֆրանսիան․ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը

13:35, 04 հոկտեմբեր 2023
Բաքուն չի մասնակցի այնպիսի հարթակի, որին մասնակցում է Ֆրանսիան․ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը

Ադրբեջանը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հնգակողմ հանդիպումից։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, հայտարարվել են հանդիպմանը Ադրբեջանի մերժման պատճառները։

Ադրբեջանն առաջարկել է, որպեսզի Թուրքիան ևս մասնակցի հանդիպմանը, սակայն դա թույլ չեն տվել։

Նշվում է, որ Ադրբեջանին առաջարկվող հնգակողմ ձեւաչափում (Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-Եվրամիություն) ձեւավորվել է հակաադրբեջանական մթնոլորտ։

Ֆրանսիացի պաշտոնյաների հայանպաստ հայտարարությունների, ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցի և ռազմական համագործակցության, զենք-զինամթերքի տրամադրման մասին հայտարարությունների, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ երեկ Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքի ֆոնին «Ադրբեջանը  գտնում է, որ անհրաժեշտ չէ մասնակցել այս ձևաչափով բանակցություններին»։

Ուստի Ադրբեջանը հրաժարվել է այս հանդիպումից, Իլհամ Ալիևն էլ իր հերթին չի մեկնել Գրանադա։

«Որովհետեւ Ադրբեջանին նման ձեւաչափ պետք չէ։ Բաքուն տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանից հեռու երկրների հետ քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում։ Բաքուն կարծում է, որ այդ հարցերը կարող են քննարկվել և լուծվել տարածաշրջանային շրջանակներում։

Սակայն եթե վերականգնվի ԵՄ-Ադրբեջան-Հայաստան նախկին եռակողմ ձևաչափը, Ադրբեջանը կարող է մասնակցել հանդիպմանը։

Ցանկացած ձեւաչափ, որին մասնակցում է Ֆրանսիան, ընդունելի չէ Ադրբեջանի համար, Բաքուն չի մասնակցի նման հարթակին»,- ասվում է ադրբեջանակն լրատվամիջոցի տարածած տեղեկատվության մեջ։