Հետևեք մեզ։

Մարտական դիրքում թիկունքային ապահովում իրականացնող և շտապօգնության ավտոմեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

14:18, 04 հոկտեմբեր 2023
Մարտական դիրքում թիկունքային ապահովում իրականացնող և շտապօգնության ավտոմեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել
2023 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ արևելյան սահմանագոտու մարտական դիրքում թիկունքային ապահովում իրականացնող «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
 
 
Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։
 
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (երկու դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
 
Ավելի ուշ հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ հակառակորդը կրակոցներ է արձակել նաև տուժածներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով մարտական դիրք բարձրացող շտապօգնության՝ ՀՀ ՊՆ տվյալ զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրա հետևանքով վնասվել են ավտոմեքենայի հետևի և ձախ կողային ապակիները, սակայն ավտոմեքենայում գտնվող անձինք չեն տուժել։
Նշված դեպքի առթիվ ևս ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերի, ինչպես նաև 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով։
 
Ելնելով արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունից՝ նշված երկու վարույթները միացվել են։ Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները պարզելու, հակառակորդի գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։