Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ու ընտանիքը մի քանի օր է՝ հատել են Հակարիի կամուրջն ու արդեն Երևանում են։ Սկզբից Թովմասյանի ընտանիքն է ժամանել Երևան, հետո ինքը՝ Թովմասյանը։
Hayastan.news-ի հետ զրույցում Արթուր Թովմասյանն ասաց, որ իրեն Հակարիի կամրջում ադրբեջանիցները կանգնեցրել են, որոշ ժամանակ պահել, ապա բաց թողել։
«Ասացի՝ անձնագիր չունեմ, ես էլ դասախոս եմ, կիրառական մեխանիկայի մասնագետ եմ, գիտնական եմ, որից հետո բաց թողեցին»,-ասաց նա։
-Արդեն հայտնի է, որ Արցախի երեք նախկին նախագահներին ադրբեջանիցները գերեվարել են, ի՞ նչ կասեք այս մասով, ինչպե՞ս եք վերաբերվում սրան։
-Ինչպե՞ս պիտի վերաբերվեմ, ցանկացած հայ, որ գտնվում է Ադրբեջանի բանտերում, ես դրան վատ եմ վերաբերվում։
-Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանին հաջողվել է անցնել Հայաստան, իսկ նախկին նախագահներին առևանգել են։
-Չգիտեմ, չեմ տեսել, դեռ չեմ հանդիպել։
-Իսկ տեղեկություն ունե՞ք նրանից, որ Ադրբեջանը Սարգիս Գալստյանին իբրև թե նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Դա ճի՞շտ է, ըստ Ձեզ։
-Իմ խորին համոզմամբ՝ կարող է ապատեղեկատվություն է դա։
-Դուք իրեն ճանաչե՞լ եք, շփվե՞լ եք իր հետ երբևէ։ Ասում են՝ ադրբեջանական գործակալ է եղել, հավաքագրված է եղել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։
-Չէ, նորմալ տղա էր երևում, մոտիկից ծանոթ չեմ եղել իրեն, բայց վատ կարծիքի չէի իր մասին։ Փոքր պետություն ենք, մարդկանց հետ նորմալ բարև-բարի լույս ենք ունեցել, էդքան բան։ Ես նույնիսկ տեղյակ չեմ եղել՝ ինքը ինչով էր զբաղված։
-Ձեր կարծիքով՝ ինքը ադրբեջանցիների կողմից կարո՞ղ էր հավաքագրված լինել։
-Էդպիսի փաստ ես չունեմ։
-Իսկ Դուք Ադրբեջանի կազմած «սև ցուցակում» կայի՞ք։
-Ինձ Մոսկվայից ասել էին՝ այո։
-Բայց Ձեզ, ամեն դեպքում, Հակարիի կամրջում, կարծես թե, չեն ճանաչել, ինչպես հասկացանք։
-Ես ակնոցս հանել էի, որպես դասախոս՝ մասնագիտական հարցեր են տվել, ինժեներական ֆակուլտետի դեկանն եմ եղել, էդպիսի բաներ եմ ասել։ Ամեն ինչ ճիշտ եմ ասել՝ կապված գիտակրթական համակարգի հետ, որտեղ աշխատել եմ։
-Իսկ ի՞նչ եք կարծում, արցախցիների վերադարձ Արցախ հնարավոր համարո՞ւմ եք, կարո՞ղ են արցախցիները այնտեղ ադրբեջանցիների հետ ինտեգրված ապրել։ Իրենք ասում են՝ եկեք, ինտեգրվեք, ապրեք, ինչ-որ երաշխիքներից են խոսում։
-Ոչ։ Երևի կյանքը դրախտ են դարձնելու, հա՞։ Ես չգիտեմ՝ վերադարձողներ կլինե՞ն, թե՞ ոչ։
-Ի վերջո, ո՞վ հանձնեց Արցախը։ Հայաստանյան ընդդիմությունը ասում է՝ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, Փաշինյանի կողմնակիցներն էլ ասում են՝ կապիտուլյացիան ստորագրեց Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։
-Ինձ մեխանիկայից հարցեր ունե՞ք տալու, ես հրաժարականից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվում, չգիտեմ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ