Այո, ուզում եմ ասել, որ ԼՂ նկատմամբ սադրանքի նպատակը և հիմնական թիրախը եղել է և ինչ-որ առումով շարունակում է մնալ ՀՀ-ն։ Եվ ես, որպես ՀՀ վարչապետ, ներեցեք, առաջին հերթին իմ պարտականությունն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների սիրույն, որովհետև, պատկերացրեք, որ տեղ չլիներ, որ նրանք ապաստարան գտնեին, և պատկերացրեք, որ պետություն չլիներ, որտեղ նրանց առաջնային կարիքը բավարարելու հնարավորություն ունենար։
Այս մասին ԱԺ-ում՝ ԼՂ իրադարձություններին անմասն մնալու մեղադրանքին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես, այո, հայտարարել եմ, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում և իմ հայտարարության մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց սպառնալիքները չխտացվեն, ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 մարդ զոհվեր։ Իմ խնդիրը եղել է այն, որ անեմ հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի, և ուրախ եմ, որ գուցե նաև իմ հայտարարության շնորհիվ 105 000-ից ավելի քաղաքացիներ դժվար, տառապալից, հոգեբանական ծանր վիճակում հասել են ՀՀ»,-ասաց Փաշինյանը։