ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ՝ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է քաղաքական դաշտ մտնելու մասին։
Նախ Կարապետյանն անդրադարձել է իր պաշտոնազրկմանը։ Նա նշել է, որ պատճառն Ադրբեջանի ԶՈւ-ի ներկայացրած վերջնագիրը չընդունելն էր, սահմանի խախտման դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ի ուղղությամբ կրակ բացելու հրաման տալը, Արցախ մեկնելու որոշումը։
Կարապետյանն իր հայտարարության մեջ անդրադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից գերեվարմանը․ «Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»։
Արշակ Կարապետյանը ՀՀ իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ և ՌԴ ղեկավարությանը հորդորել է կանխել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի պետականությունը ոչնչացնելու փորձերը։
Հայտարարության վերջում նա հայտնել է ակտիվ քաղաքական գործունեություն սկսելու մասին, որպեսզի ազատի Հայաստանը ներքին և արտաքին թշնամիներից։