Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բենզինի գնի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել․
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Նշենք, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին գինը կազմել է 0,41 ցենտ, իսկ սեպտեմբերին՝ 0,8 ցենտ։ Բացի այդ, 2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է միջինում 390 դրամ, իսկ հոկտեմբերին միջինում կազմել է 414 դրամ։ Վերոգրյալից ելնելով` կարող ենք փաստել, որ բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է և´ ներմուծման գնի բարձրացմամբ, և´ դոլարի փոխարժեքի որոշակի աճով։
Նշենք նաև, որ բենզինի գները վերոգրյալ գործոններով պայմանավորված մշտապես տատանվում են, և 2022 թվականին հունվար-օգոստոս ամիսներին ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 500-520 դրամի սահմաններում, իսկ պրեմիում տեսակինը՝ 520-540 դրամի սահմաններում։ Մինչդեռ, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին, պայմանավորված ներմուծման ցածր գնով և դրամի արժևորմամբ, ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 320-350 դրամի սահմաններում, իսկ պրեմիումինը՝ 350-370։
Այսպիսով, միջազգային շուկաներում բենզինի գների, այդ թվում՝ դոլարի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված բենզինի շուկայում մշտապես տեղի են ունենում տատանումներ, որի արդյունքում շուկայում որոշ ամիսներին կարող են լինել համեմատաբար ցածր գներ, իսկ որոշ ամիսներին՝ բարձր։
Նշենք նաև, որ Հանձնաժողովը պարբերաբար դիտարկում է բենզինի գնի վրա ազդող գործոնների և գների տատանումների համարժեքությունը․ մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելու դեպքում հարուցվում են վարույթներ»։