Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում բանաձեւ է ընդունվել ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները վերանայելու եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եվրախորհրդարանը կոչ է անում ամբողջական վերանայել ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը»,-ասվում է փաստաթղթում։
Եվրահանձնաժողովից պահանջում են արագ վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական գործընկերությունը՝ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու համար։
Մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել կախվածությունը գազի և նավթի ներմուծումից և ամբողջությամբ հրաժարվել այդ մատակարարումներից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ հիբրիդային հարձակումների դեպքում։
Պատգամավորները կոչ են անում դադարեցնել ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ցուցադրի, որ իսկապես պատրաստ է հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության մտահոգությունները:
Նրանք նաև հանդես են գալիս վիզային ռեժիմի պարզեցումից հրաժարվելու և որոշ ոլորտներում համագործակցության մակարդակի իջեցման դիրքերից՝ Ադրբեջանի իշխանությունների անընդունելի մեկնաբանությունների և պատգամավորների հասցեին սպառնալիքների լույսի ներքո:
Ի հավելումն վերոնշյալի՝ խորհրդարանականները կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին անհատական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար։ Միևնույն ժամանակ, նրանք կոչ են անում անհապաղ առաջարկել Հայաստանին անհրաժեշտ բոլոր օգնությունները՝ հաղթահարելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների (խմբ․) հոսքը և դրան հաջորդած հումանիտար ճգնաժամը։