2023 թվականի հոկտեմբերի 05-ին՝ ժամը 15:00-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի հարակից տարածքում գտնվող անօրինական կառուցված շինությունների քնադման աշխատանքներն իրականացնելիս JC13 մակնիշի տրակտորի վարորդը կովշով հարվածել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող և քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի շարժիչի ծածկին և վարորդի խցին՝ վնասելով տրակտորը: Բացի այդ, քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի վրա նետվել են քարեր։
Տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրից Ոստիկանության բաժին է տարվել երկու քաղաքացի։
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (երկու դրվագ), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվում է նախաքննություն։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու որոշում։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: