Հետևեք մեզ։

ՀՅԴ Հայաստանի կառույցները լուծել են ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները

00:34, 06 հոկտեմբեր 2023
ՀՅԴ Հայաստանի կառույցները լուծել են ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները

ՀՅԴ Հայաստանի կառույցները՝ Հայ Օգնության Միությունը, «Թևանիկ» հասարակական կազմակերպությունն, անհատ քաղաքացիների օժանդակությամբ, լծվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության գործին։

 

Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների կուսակցական գրասենյակները վերածվել են աջակցության կենտրոնների, որտեղ ոչ միայն կուսակցականների, այլև մեր քաղաքացիների աջակցությամբ և օժանդակությամբ կենտրոնացվում և բաշխվում են հավաքված առաջին անհրաժեշտության պարագաները՝ հագուստ, հիգենայի և անկողնային պարագաներ, սնունդ, դեղորայք և այլ ապրանքներ։

 

«Այս պահի դրությամբ լուծվել է մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները։

 

Արցախահայ հայրենակիցների օժանդակությանն ուղղված աշխատանքները չեն դադարում նաև այս պահին։

 

Բարեսիրական նպատակներով 1909 թ հիմնադրված ՀՅԴ քույր կառույց Հայ օգնության միությունը բռնի տեղահանված արցախահայերի կարիքները հոգալու նպատակով արդեն սկսել է համահայկական դրամահավաք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ըստ աղբյուրի՝ դրամահավաքի և ծրագրի իրագործման մանրամասները կներկայացվեն առաջիկայում։