Նորանոր հայեր են դիմում Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, ասում են Բաքվից, պարբերաբար լուսանկարներ տարածում, պնդում են՝ Արցախից չհեռացածներն են միգրացիոն ծառայությունում դիմում ներկայացնում։
Վերջին լուսանկարներից մեկում վանդակավոր վերնաշապիկով տղամարդ է, որին Արցախում շատերն էին ճանաչում, գրում է «Ազատությունը»։
«Աշխատել եմ «Ազատ Արցախ» թերթում, էն ժամանակ պարզապես «Արցախ» էր կոչվում, Սերգեյը Օգոլցովը մեզ հետ էր աշխատում, մեր թարգմանիչն էր», - ասաց Սիրվարդ Մարգարյանը:
Սերգեյ Օգոլցովը նաև Արցախի համալսարանում անգլերեն լեզու է դասավանդել, գրում է։ Հայուհի կնոջ՝ Սաթենիկի հետ Ստեփանակերտում են ապրում։ Սիրվարդ Մարգարյանը, որ երկուսին էլ լավ է ճանաչում, պատմում է՝ Արցախից հեռանալու օրը տեսավ նրանց:
«Վերջին օրը, որ դուրս էինք գալիս Ստեփանակերտից, ես տեսա ինքն ու կինը բարձրանում էին դեպի կնոջ գործի տեղը, մոտեցա հարցրի՝ ո՞նց եք՝ ասաց՝ հիասքանչ», - պատմեց արցախցի կինը:
Ստեփանակերտից հեռացած կինը չի զարմանում, որ այնտեղ ադրբեջանցիների հետ նույն բնակավայրում ապրելու ցանկություն հայտնողներ են եղել. ասում է՝ այնքան մարդ չէր ուզում հեռանալ-պոկվել Արցախից:
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ Արցախից չեն հեռացել ամենաշատը 100 հոգի. - «Ոչ հայերը, այսինքն, ազգությամբ ռուսներ կան, որ մնացել են, տարեցներ, հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, 87 թիվ մի տղա կար Մարտակերտի շրջանից, որ ավտոբուսից դուրս եկավ ու փախավ»:
Տեղահանության ծանր օրերին, Ստեփանյանն ասում է, շրջել են բնակավայրերով, փնտրել անօգնական մարդկանց, որ ինքնուրույն տեղահանվել չէին կարող:
«Մենք ունեինք նաև ցուցակներ անձանց, որ առանց օգնության տարհանվել հնարավոր չէր, ՄԻՊ գրասենյակում հատուկ համար հատկացրեցինք, որ հարազատները... 50-ից ավելի զանգ ստացել ենք, կոնկրետ էդ հասցեներով ենք գնացել, ես էլ իմ մեքենայով եմ գնացել, տներից մարդիկ էինք բերում, որոնք իրենք իրենցով չէին կարողանում տեղափոխվել», - պատմեց օմբուդսմենը:
Լուսանկարներից մեկում էլ Բաքվի միգրացիոն ծառայության աշխատակիցները այցելում են արցախցի տարեց կնոջն ու ըստ երևույթին Ադրբեջանի քաղաքացի դարձնելու գործընթաց սկսում։
Այս օրերին Կարմիր խաչի աշխատակիցներն են բարձրախոսներով շրջում Արցախում, հիվանդ կամ հաշմանդամությամբ մարդիկ եթե դեռ կան տներում, կարող են տեղափոխել:
Արցախի մեծ տեղահանումից հետո կազմակերպության աշխատակիցները գտել ու տարհանել են անօգնական ու ադրբեջանցիների հետ նույն քաղաքում մնացած 100 հոգու։ Ստեփանակերտում ինքնակամ մնացել է Ռիտան՝ շների կացարանի կերակրողը:
Ստեփանակերտում նաև կենդանիների պաշտպանությամբ զբաղված Նունե Առաքելյանն ասում է՝ Ռիտա Ղազարյանը շների կացարանում 50 շուն է պահում, տանն էլ տասից ավելի կատու... մնացել է, որ նրանց խնամի։ Սեպտեմբերի վերջին, երբ ադրբեջանցիները Ստեփանակերտ էին մտել, Ռիտան, որ կացարանում էր, քաղաքի Աջափնյակ թաղամասում, որ արդեն ադրբեջանցիների հսկողության տակ էր, անհետացավ: Նունե Առաքելյանը պատմում է՝ մինչ իրենք փրկարարներին էին դիմել Ռիտային փնտրելու համար, Ռիտան գտնվեց ու ասաց՝ մնալու է շների հետ. նրա համար հայեր և ադրբեջանցիներ չկան, կան շներ և կատուներ:
«Կենդանիներին նվիրված մարդ է, չեմ ասում՝ ճիշտ է արել, բայց ես հասկանում եմ իր քայլը», - ասաց Առաքելյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։