Արագածոտնի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել. ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկներն Ապարան քաղաքում՝ «Գնթունիկ» սուպերմարկետի դիմաց, վնասազերծել են կրակոցներ արձակած քաղաքացուն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարեկները նկատել են, որ «Գնթունիկ»-ի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մոտենալով դեպքի վայր, տեսել են, որ մի քաղաքացի զինված է ատրճանակով, իսկ դեպքի վայրում էլ քաղաքացիները պարեկներին հայտնել են, որ այդ քաղաքացին կրակոցներ է արձակել տաքսիստի ուղղությամբ։
Պարեկները կարողացել են վնասազերծել կրակողին, ապա դեպքի վայր ժամանած Ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին։
Արդեն տեղում տուժածը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նրա թիկունքի հատվածում կա կրակոցի 3 հետք։ Այս պահին վիրավորը գտնվում է Ապարանի բժիշկների հսկողության տակ։