Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակության ծախսերը հոգալու դրամական աջակցության ծրագրի մանրամասները մշակելու գործընթացում վերջին օրերին զգալի առաջընթաց կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Մի շարք հանդիպումներ ենք ունեցել գործընկեր նախարարությունների ներկայացուցիչների հետ. գործնականում գաղափարն արդեն մշակված է և պատրաստ է ներկայացվելու կառավարության քննարկմանը: Հուսով եմ, որ առաջիկա հինգշաբթի օրը կառավարության կողմից այդ ծրագիրը ևս կհաստատվի, և մեր բոլոր հայրենակիցները այս աջակցության շահառու դառնալու հնարավորություն կստանան»,- հավելեց փոխվարչապետը՝ նշելով, որ այս աջակցության շահառու կհանդիսանան Հայաստանում գտնվող այն բոլոր բռնի տեղահանվածները, ովքեր չունեն բնակարաններ կամ բնակելի տուն:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ: