Հետևեք մեզ։

ԱՄՆ-ի վիզա ստանալը կազմակերպելու համար պահանջել և ստացել են 15.000-ական դոլար. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

10:34, 09 հոկտեմբեր 2023
ԱՄՆ-ի վիզա ստանալը կազմակերպելու համար պահանջել և ստացել են 15.000-ական դոլար. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

 

ԱԱԾ֊ից հայտնում են, որ մասնավորապես, իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն և «Պրոգրեսիվ նոլիջիս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Մ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով, միմյանց գործողությունները փոխլրացնելով 2023 թվականի փետրվար-ապրիլ ամիս-ների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Գ.Ս-ի և Ռ.Պ-ի անօրինական միգրացիան, այն է` ԱՄՆ վերջիններիս մուտքի և գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով նրանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել են 15.000-ական ԱՄՆ դոլար գումար:

 

Այնուհետև ԱՄՆ մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար նախատեսված փաստաթղթերի փաթեթներում ներառել են իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ աշխատավայրի և աշխատավարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատություն ավարտելու և որակավորում ստանալու վերաբերյալ տեղեկանքներ, դիպլոմներ և վկայականներ, որոնք հանձնել են վերը նշված անձանց, ովքեր իրենց հերթին դրանք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին:

 

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի, ինչպես նաև վերջիններիս ծառայություններից օգտվող անձանց բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են կեղծ դիպլոմներ, աշխատավայրի և աշխատավարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատություն ավարտելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, բանկային շարժի վերաբերյալ քաղվածքներ, կնիքներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ամուսնության և ծննդյան վկայականներ, կնիքված դատարկ հավաստագրեր, պատվոգրեր, անձնագրեր, որոնցում առկա են եղել «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի արտոնագրեր, տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

 

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներ Ա.Մ-ի և Ռ.Մ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

 

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց:

 

Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված խմբի գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին։

Վերլուծական