Հետևեք մեզ։

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

15:35, 22 մարտ 2023
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ մարտի 22-ին, ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից հայտնում են, որ նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է դեսպան Շարվաշիձեին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն իր հերթին շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցությանը, ընդգծելով, որ վերջին ժամանակաշրջանում այն կրում է առավել ինտենսիվ բնույթ: Դրա մասին է վկայում նաև նախորդ տարվա հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների այցը Վրաստան:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը։