2023 թվականի հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի ունեցած եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ, ի թիվս այլ վարդապետների, եպիսկոպոսության աստիճանի արժանացավ նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ներկայացուցիչներ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավորներ Հայաստանից, ԱՄՆ Հայոց Արևելյան, Իրաքի և Վրաստանի թեմերից:
Մայր Աթոռում կայացած եպիսկոպոսական ձեռնադրությանը ներկա էր Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սուրբ Սինոդի անդամ, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին:
Սրբազան արարողությանը մասնակցեցին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան Վարդապետ Հմայակյանը, Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցիխեի ու Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, հգշ. Տ. Հակոբ աբեղա Սահակյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Բազմազգ Վրաստան-համընդհանուր շարժում» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, տարբեր հասարակական, տնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչներ Մարի Միկոյանցը, Կարեն Եղիազարյանը, բարերար Արմեն Գևորգյանը, հոգևոր սպասավորներ և աշխարհիկ ծառայողներ, Վրաստանի տարբեր շրջաններից և մայրաքաղաք Թբիլիսիից ժամանած հավատացյալների խմբեր:
Այդ օրը հիրավի ուրախալի և երջանկաբեր էր վրացահայության համար: Թեմի հոգևոր դասի, աշխարհիկ կազմի և հավատացյալների հոծ խումբը ներկա գտնվեց ընծայման, եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողությանը:
Հավարտ Սրբազան արարողության ներկաները և վիրահայոց պատվիրակության անդամները ջերմագին մաղթանքներով շնորհավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ նորաօծ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին, կիսելով օրվա հուզառատ ուրախությունը:
Վիրահայոց թեմի հոգևոր դասի, սարկավագների, աշխարհիկ աշխատակազմի, հազարավոր հավատացյալների և եկեղեցասերների անունից շնորհավորում ենք Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին և մաղթում Քրիստոնյա հավատքին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն նվիրական ծառայություն, Վիրահայոց թեմի գործունեության խորացում,ամրապնդում և թեմի շուրջ վրացահայության համախմբում: