Իրանը կպատասխանի պաղեստինաիսրայելական հակամարտության սրման կապակցությամբ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողության։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Ով սպառնում է Իրանին, պետք է իմանա, որ Իրանի դեմ ցանկացած անմիտ գործողություն կհանդիպի կործանարար պատասխանի», - նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները՝ կապված Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն Իրանի ենթադրյալ աջակցության հետ։
«Իրանի դերի վերաբերյալ հարցերի բարձրացումն ուղղված է հասարակայնության ուշադրությունը շեղելուն և իրենց հնարավոր գործողությունների արդարացմանը», - հավելել է նա։
Պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք Իրանը ձգտում է համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ, Քանաանին հայտարարել է, որ «պաղեստինցի ժողովուրդն ինքն է որոշում ընդունում ընթացիկ իրադրության վերաբերյալ»:
«Մենք որոշումներ չենք կայացնում տարածաշրջանում որևիցե կողմի, ներառյալ՝ պաղեստինցիների փոխարեն», - ընդգծել է նա։
Իրանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Թեհրանի ջանքերն ուղղված են այն բանին, որպեսզի իսլամական երկրներն աջակցեն պաղեստինցի ժողովրդին: