Հետևեք մեզ։

Մենք ակնկալում ենք, որ ոչ մի անմեղ մարդ Հայաստանում որևէ հետապնդման չի ենթարկվի․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔԿ-ում

17:28, 09 հոկտեմբեր 2023
Մենք ակնկալում ենք, որ ոչ մի անմեղ մարդ Հայաստանում որևէ հետապնդման չի ենթարկվի․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔԿ-ում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ և իր ելույթում նշել, որ այդ ծառայության որակը բարձրացնելուն է միտված այդ թվում՝ աշխատավարձի փոփոխությունը. «Այդ ծառայությունը կոչվում է արդարություն, արդարադատություն, օրենքի գերակայություն, պատասխանատվության անխուսափելիություն: Մենք ուզում ենք ակնկալել և ակնկալում ենք իսկապես, որ ոչ մի անմեղ մարդ Հայաստանի Հանրապետությունում որևէ հետապնդման չի ենթարկվի: Ես նկատի ունեմ ոչ միայն քրեական հետապնդումը, այլև այլ հետապնդումներից պաշտպանելը նույնպես Քննչական կոմիտեի գործն է, մեր իրավապահ համակարգի գործը: Մարդիկ ամենատարբեր ապօրինի հետապնդումների կարող են ենթարկվել: Շատ կարևոր է, որ մենք Քննչական կոմիտեի և նաև իրավապահ համակարգի գործունեության արդյունքում խնդիր ենք դնում՝ ի հայտ բերել մի շարք համակարգային թերություններ, որոնք պատճառում են վնասներ, և վերացնել այդ համակարգային թերությունները»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր գործառույթ է իրականացնում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ապահովելու կամ եկամուտներին հարկային վճարումներ իրականացնելուց խուսափողների նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու տրամաբանությամբ: «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունն այս տարի տեղափոխվեց Քննչական կոմիտեի համակարգ: Ուրախ եմ տեսնել նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ծառայություններն արդյունավետ կերպով համագործակցում են Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ: Այս առումով էլ փաստորեն այս տարի առերեսվեցինք հարկային եկամուտներ վճարելու, այսպես ասած, տեխնոլոգիական նոր եղանակների հետ»: